Երկու սենյականոցում եմ ապրում նախարար լինելուց առաջ և հետո, աշխատավարձով. Ն. Դավիդյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի մասին

Երկու սենյականոցում եմ ապրում նախարար լինելուց առաջ և հետո, աշխատավարձով. Ն. Դավիդյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը վստահեցնում է, որ դարձել է իր նախկին 2 աշխատակիցների խարդավանքների զոհը:

«Մի հատ տականք նախկին տեղակալ, ունեի՝ հիվանդանոցներից մեկի առաջվա գլխավոր բժիշկը՝ գող, ավազակ, որին մի 4-5 տարի առաջ «կապեցին գլխիս»: Մարդ, որը նախկին հիվանդանոցն ուղղակի քանդեց: Մի սրիկա, որի համար շատերն ասում էին՝ դրան մի՛ բեր: Եկավ, ու չեք պատկերացնում… էլ փող ուզել սաղից, էլ չգիտեմ ինչ: Ինձ ասում էին՝ Ռաֆայելի՛չ, քո փափկությունը ոչ մի բանի չի բերում: Իսկ էդ ավտոմեխանիկը.. մի հատ ալկոհոլիկ, որը չգիտեմ ինչ ձևերով ընդունվել է, ու որին ես չեմ կարողանում գործից հանել: Վաղը կարող եք գալ, կտեսնեք, որ էլի խմած կլինի: Չեմ կարողանում հանել: Ու այդ իմ տեղակալն է նրան սովորեցրել, դե, հարբեցող է… Ճիշտ է՝ ինքը շատ մոտ է եղել մի հատ ինչ-որ Ալինայի հետ, որը շատ մոտ է եղել մեր նախկին վարչապետներից մեկի հետ:

Եվ այդ Ալինան այն ժամանակ զանգել էր 6-րդ վարչություն, որ «հանում են գործից, էս ինչ է կատարվում: Եվ այս ամենը սկսվեց»,- հայտարարեց Նորայր Դավիդյանը:

Հիշեցնենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում հունիսի 8-ին, 6-րդ գլխավոր վարչություն է հրավիրվել Երևանի բնակիչ, 62-ամյա Ա. Բ.-ն, ով իրավապահներին հայտնել է, թե «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար (Դաշնակցության քվոտայով նշանակված) Նորայր Դավիդյանը, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը, կատարել մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես, Ա.Բ.-ն, հայտնել է, որ 10 տարուց ավելի նշված կենտրոնում ձևակերպված է եղել որպես ավտոմեխանիկ՝ ամսական 57 հազար աշխատավարձով, սակայն այն չի ստացել, և գումարը, կուտակվելով, դարձել է մոտ 7 մլն դրամ, որը նույն կենտրոնի հաշվապահ Լ.Խ.-ի միջոցով փոխանցվել է Ն.Դ-ին: Ըստ նույն լրատվամիջոցի՝ 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել նաև, որ նման եղանակով Դավիդյանի կողմից յուրացվել են կենտրոնում ձևակերպված 25-ից ավելի քաղաքացիների աշխատավարձերը:

Ինչ վերաբերում է մնացած 25 աշխատակիցների մասին հարցին, ապա կենտրոնի տնօրենը պարզաբանեց, որ իր բոլոր աշխատակիցները աշխատավարձերը ստանում են բանկոմատների միջոցով և միայն 25 հոգի ստանում է հիվանդանոցից, այդ թվում՝ նաև Դավիդյանը:

«Ես ինչի՞ եմ էսքան հանգիստ, ա՛յ մարդ. թող կանչեն… եկել են մի քանի ամիս առաջ, բոլորին կանչել են, 75 հոգու, ինձ չեն ասել, կանչել են, քննել են՝ սաղ սուտ: Սա փակվեց: Բայց իմ այդ նախկին տեղակալը, որին ազատեցինք աշխատանքից, ես չէ, հիվանդանոցի կոլեկտիվը՝ իր 125 ստորագրություններով, որոշումներով, նորից եմ ասում՝ նրան ես չեմ հանել, հիմա այդ ժամանակները չեն »,- հավելեց Նորայր Դավիդյանը:

Այրվածքաբանական կենտրոնի տնօրենը հավելեց, որ անձամբ այս պատմությանը չի խառնվում: Ասաց, որ զրույցի պահին էլ ինքը տանն է, կենտրոնի աշխատակիցները բուժկենտրոնում են, որտեղ ի պաշտպանություն իրեն պետիցիա են գրում:

«Բոլորը հավաքված պաշտոնական նամակ են գրում: Գրում են, որ սա հեքիաթ է… ես այնքան հանգիստ եմ, էն որ ասում է՝ սուտն էլ պետք է տակը մի քիչ բան ունենա»,- ասաց նախկին նախարարը: Վերջինիս խոսքով՝ հենց աշխատանքից ազատված նախկին ստորադասն է ամիսներ առաջ գրել իրավապահների, մոտ 4 ամիս առաջ եկել են, ստուգել, 70 հոգուց ցուցմունքներ վերցրել ու տեսել «որ տակը բան չկա…»:

Նորայր Դավիդյանը նշեց, որ աշխատակիցներն ասել են, որ սպիտակ խալաթներով ելնելու են բողոքի ցույցի:

Նորայր Դավիդյանը ոչ միայն վստահ է «իր կոլեկտիվի վրա», այլև վստահեցնում է ու հրավիրում այրվածքաբանական կենտրոն. «Կարելի է գալ, բոլորի հետ հատ-հատ խոսել, հարգո՞ւմ են ինձ, թե՞ չէ, թե ես կյանքում որևէ մեկից փող եմ վերցրել, կյանքում որևէ հիվանդից փող եմ վերցրել.. թող գան իմ տուն, ես նախարար եմ եղել, ինչպես 2 սենյականոցում էի ապրում, այնպես էլ ապրում եմ: Մարդ, որը ապրում է աշխատավարձով: Թող տեսնեն՝ սա «նախարարակա՞ն» բնակարան է, թե՞ ոչ… սա ինչ խայտառակություն է: Այսպես մարդուն կարելի է ինֆարկտի հասցնել»:

Փոխարենը, Նորայր Դավիդյանը նշում է, որ իր վրա «գրող» անձը 3 բնակարան ունի Երևանում, շքեղագույն BMW, մարդ, որը երբեք որպես բժիշկ չի աշխատել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում