Պետությանը պատճառվել է ավելի քան 11 մլն դրամի վնաս, Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրենը կալանավորվել է. Դատախազություն

Պետությանը պատճառվել է ավելի քան 11 մլն դրամի վնաս, Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրենը կալանավորվել է. Դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը կալանավորվել է. ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչ ընթացք է ստացել հարուցված քրեական գործը, հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դպրոցի տնօրենի նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։ Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։

Հարցին, թե որքա՞ն է կազմում պետությանը հասցված վնասի չափը, Հանրային կապերից հայտնեցին, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։

Բացի այդ, դպրոցի տնօրենը խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում