Երկու պատճառ, թե ինչո՞ւ է պետք Ադրբեջանի իշխանություններին սրել իրավիճակը Նախիջևանում

Երկու պատճառ, թե ինչո՞ւ է պետք Ադրբեջանի իշխանություններին սրել իրավիճակը Նախիջևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Times.am: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցած իրադարձություններին։

«Հայ-ադրբեջանական սահմանի՝ նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի դիտարկում ունեմ: Ուզում եմ կիսվել:
Նախ, ինչու՞ է Ադրբեջանի իշխանություններին պետք իրավիճակ սրել Նախիջևանում: Հիմնական երկու պատճառ եմ տեսնում՝

ա) բարենպաստ պայմանների դեպքում Արցախում պատերազմ սկսելիս՝ նրանք վստահ կլինեն, որ հայկական կողմը չի կարողանա ուժեր հանել նախիջևանյան ուղղությունից և տանել Արցախ: Այսինքն՝ մեր դիմադրության ծավալներն են փորձում փոքրացնել;

բ) Նախիջևանում շոուներ անելով՝ Ալիևը, ըստ էության, բարձրացնում է ինքնավար այդ մարզի մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հեղինակությունը ադրբեջանցիների շրջանում:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի իշխանական համակարգում նախիջևանցիների կլանի գլխավոր ներկայացուցիչ Ռամիզ Մեհթիևը բավական ծերացել ու զգալիորեն պասիվացել է՝ Ալիևը պարզապես ստիպված է նրա հնարավոր փոխարինողին, որը հենց Թալիբովն է, պատրաստել այդ գործին:

Նախօրեին մի շարք բլոգերներ ու փորձագետներ Նախիջևանի սահման են գնացել: ՊՆ-ն էր կազմակերպել: Մարդիկ իրենց աչքով տեսել և համոզվել են, որ զգալի փոփոխություններ առաջնագծում չեն եղել: Ու չնայած լայնամաշտաբ պատերազմի դեպքում էտ փոքր առաջխաղացումներն ու նահանջները մեծ դեր չեն խաղում՝ այնուամենայնիվ դա ուրախացնող փաստ է:

Նախիջևանի հարցում միշտ պետք է հիշենք հարցի աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին: Ասում ենք Նախիջևան, հասկանում՝ Թուրքիա: Սա չի կարելի երբեք մոռանալ», գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում