Նոր հրթիռային համալիրներ գնելն Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրման հերթական փորձ է. քաղաքագետ

Նոր հրթիռային համալիրներ գնելն Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրման հերթական փորձ է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am:  Բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական «Լորա» հրթիռային համալիրներ գնելն Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրման հերթական փորձ է։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով այդ երկրում հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որին ներկա է եղել Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանը երբեք չի ասել, որ ուժ չկիրառելու պատրաստակամություն ունի։ Միաժամանակ, հասկանալի է, որ Ռուսաստանից բացի՝ զենքի շուկայում առկա են մի շարք այլ, ավանդական դերակատարներ։ Ադրբեջանն իր հերթին հռետորաբանության մակարդակով ամեն անգամ հիշեցնում է, որ պատրաստ է բանակցություններին, սակայն պարբեբար խոսում է այն մասին, որ Արցախն Ադրբեջանի մի մասն է։ 2016 թվականի ապրիլյան իրենց ավանտյոuրան իրենց իսկ ցույց տվեց՝ հայկակն կողմը պատրաստ է, թե պատրաստ չէ այդօրինակ գործողությունների»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նոր համակարգերի գնումը և ցուցադրումն Ադրբեջանի յուրօրինակ քայլն է՝ լռեցնելու Արցախը բանակցային կողմ դարձնելու պահանջին, քաղաքագետը նշեց՝ Ադրբեջանը լիովին հարմարվել է բանակցային ներկայիս ձևաչափին՝ Հայաստանի, իր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, և բացարձակապես հակված չէ դրական արձագանքել նոր ձևաչափին։

«Այս տեսանկյունից ադրբեջանական կողմից որևէ պատրաստակամություն չարժե ակնկալել։ Առայժմ Ադրբեջանի կողմից չենք տեսնում որևէ քայլ, որն ուղղված կլինի հանդիպումների նոր ձևաչափին»,- ամփոփեց Մարկարովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում