Ես չեմ պատկերացնում, որ անկեղծությունն անպայման այն պատասխանը հնչեցնելն է, որը մոդայիկ կլիներ. ՍԴ դատավորի թեկնածուն՝ Մելքումյանին

Ես չեմ պատկերացնում, որ անկեղծությունն անպայման այն պատասխանը հնչեցնելն է, որը մոդայիկ կլիներ. ՍԴ դատավորի թեկնածուն՝ Մելքումյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am:  Դատական գործունեության ընթացքում երբևէ չեմ առնչվել որևէ մի իրավիճակի, երբ վերևից կամ որևէ այլ մարմնի կողմից փորձ կատարվեր ազդեցություն ունենալ կամ ուղղորդել դատական պրակտիկան, այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հայտարարեց Սահմանադրական դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը։

Վերջինս, հիշեցնենք, որպես ՍԴ թեկնածու, առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին չբավարարեց պատասխանը։ Նա հիշեցրեց «Սասնա ծռերի» գործը, երբ նախկինում նրանց խափանման միջոցները չէին փոխվում, հիմա ազատ են արձակվում։

«Այդ ի՞նչը փոխվեց։ Որևէ դեպքում ձեր ամբողջ պրակտիկայում չի՞ եղել, որ վերևից ասեն՝ այս որոշումը այդպես պետք է լինի։ Այդ դեպքում հիմա այդ ի՞նչ պրոցեսներ են գնում, զարմանալի է։ Ես կխնդրեի, որ դուք անկեղծ լինեք, անկեղծ ասեք, որովհետև դրանից շատ բան է կախված», – հետաքրքրվեց Մելքումյանը։

Ի պատասխան՝ Ելիզավետա Դանիելյանը ասաց. «Ես չեմ պատկերացնում, որ անկեղծությունը անպայման այն պատասխանը հնչեցնելն է, որը մոդայիկ կլիներ։ Ես ասում եմ, որ իմ պրակտիկայում չեմ հանդիպել նման դեպք»։

Խափանման միջոցների փոփոխության մասով, Դանիելյանը նկատեց, որ դա այն պատճառով է, որ դատարանները սկսել են բնականոն աշխատել, քանի որ փաստաբանները գալիս են դատարան, մասնակցում են նիստերին և դատական գործընթացները սկսել են առաջ ընթանալ։

Նկատենք, որ այս գործով, երբ կալանքի տակ գտնվողների խափանման միջոցները սկսեցին փոխվել, դատախազները դրանք պատճառաբանում էին, որ երկրում քաղաքական իրադրություն է փոխվել և ամբաստանալները փոփոխված իշխանությունների համար վտանգ չեն ներկայացնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում