Հանրությունը չի վստահում դատարաններին, քանի որ հիմնվում է քննվող վեճերից դժգոհ զանգվածի կարծիքի վրա. ՍԴ անդամի թեկնածու

Հանրությունը չի վստահում դատարաններին, քանի որ հիմնվում է քննվող վեճերից դժգոհ զանգվածի կարծիքի վրա. ՍԴ անդամի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ՍԴ դատավորի թեկնածու, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ՄԻՊ-ի՝ 2013 թ-ի զեկույցին, որտեղ դատական իշխանության նկատմամբ հաղորդում կար, որ վերաբերում էր թե՛ կոռուպցիոն երևույթների հետ կապված դրսևորումներին, թե՛ քաղաքացիների անվստահությանը:

«Դուք այս համակարգի մի մասնիկն եք կազմում, կուզենայի՝ պարզաբանեք»,-ասաց պատգամավորը:

ՍԴ անդամի թեկնածուն նշեց, որ կարևոր հանգամանք է պարզել, թե այդ կարծիքները ինչ հետազոտությունների հիման վրա են արված: «Դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ զեկույցը հիմնված է փաստաբանական համայնքի և դատարանում գործ ունեցած քաղաքացիների կածիքների հիման վրա:

Բնականաբար, դատարանում քննվող վեճերը առաջացնում են առնվազն երկու հակառակ շահեր, բևեռներ, որոնցից մեկը միշտ դժգոհ է, մյուսը, հնարավոր է, գոհ մնա: Իսկ հասարակությունը հիմնվում է, ցավոք, հենց դժգոհ զանգվածի հիման վրա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է փաստաբանական համայնքի կարծիքին, ապա Ելիզավետա Դանիելյանը հավելեց, որ նման կարծիք է հիմնավորվում, քանի որ նրանք ունեն գործերի ելքով շահագրգռվածություն, և, բնական է, որ կարող են տարածել նման կարծիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում