Կան գործընթացներ, որոնք սկսելուց հետո դրանցից հետ կանգնելը վտանգավոր է. Արամ Սարգսյանը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Կուտակային կենսաթոշակային ֆոնդը տնօրինում է այն ընկերությունը, որը հսկում է Կանադայի կենսաթոշակային համակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Այս առումով ես ինձ շատ ազատ եմ զգում: «Ելք»-ի անդամները կհիմնավորեն, որ ես միակ մարդն էի խմբակցությունում, ով կուտակային կենսաթոշակային համակարգը համարում էր դրական, ես դրա մեջ լավ բաներ էի տեսնում: Ընդդիմության տրամաբանությունից ու խմբակցության միասնականությունից ելնելով՝ ես համաձայնեցի դեմ արտահայտվել, համաձայնեցի նաև իմ կուսակից ընկեր Արտակ Զեյնալյանի հետ, ով ամենապինդն էր կռվում՝ ասելով, որ համակարգը Սահմանադրության հետ կապված լուրջ խոչընդոտներ է հարուցում»,- ասաց Արամ Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ երբ ընտանիքում մեկը տնտեսվարող է, տնօրինում է գումարները, կհասկանա, թե ինչու է նման որոշում ընդունում կառավարությունը:
«Ես եղել եմ տնտեսվարող, աշխատել եմ որակի հսկման լաբորատորիայում, որտեղ 5 կին, 1 տղամարդ էին աշխատում: Ես պարտավոր էի աշխատանքն այնպես կազմակերպել, որ մարդիկ շատ աշխատավարձ ստանային: Սա շատ պարտավորեցնող բան է: Իմ ամբողջ գործունեությունը եղել է տնտեսվարման գործընթացը, և երբ այդ տեսանկյունից ես նայում՝ խնդրին ուրիշ կերպ ես վերաբերում: Մարդկանց տրվում է աշխատավարձ, որն իրենք ծախսում են, և այն գումարը, որը տրվում է կուտակայինին, այն ժամանակ տրվում էր մարդկանց, դրվում էր շրջանառության մեջ: Դրանով ավելանում էր գնողունակությունը, ապրանքաշրջանառությունը: Հիմա, երբ գումարը հանում ես շրջանառությունից, ի՞նչ ես անում: Ցանկացած մայրիկ, ով փող է հավաքում, ցանկացած հայրիկ, ով տան բյուջեն է տնօրինում, կբացատրի, որ եթե փողը ճիշտ ես կառավարում, ավելի լավ է, քան պարտք վերցնելը»,- նշեց նա:
Բացի դրանից, ըստ Սարգսյանի, ֆոնդը տնօրինում է այն ընկերությունը, որը հսկում է Կանադայի կենսաթոշակային համակարգը: Պատգամավորը նշեց, որ նախկինում գումարի հսկողությունը կասկածի տակ էր, որովհետև իշխանությունը չէր վայելում ժողովրդի քվեն, իսկ այսօր ժողովուրդն է իշխանությունն ընտրել, և այս պարագայում կենսաթոշակային ֆոնդն այսօրվա իշխանությանը չվստահելն այդքան էլ ճիշտ չէ:
«Կան գործընթացներ, որոնք սկսելուց հետո դրանցից հետ կանգնելը վտանգավոր է: Ցանկացած երկիր իր քաղաքացու համար բարեկեցիկ կյանք ապահովելու խնդիր ունի: Պետությունը պետք է կարողունակ լինի բանակ պահել. մենք ունենք հարևան Թուրքիա, որը հայտ է ներկայացնում տարածաշրջանում ազդեցություն ունենալ, մենք ունենք Ադրբեջան, որը գազամուղ է կառուցում, որին կարող են միանալ Թուրքմենիան, Ադրբեջանը: Մենք պետք է լինենք շատ կուռ թիմ: Ոչ թե պետք է լինի կառավարության թիմ, այլ կառավարությունն ու ժողովուրդը պետք է թիմ դառնան:
Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հեղափոխությունն իր արդյունքները տվել է ներքին կյանքում և պետք է կարողանա նման արդյունքներ ապահովել արտաքին կյանքում: Ջահել են, ահել են, փորձառու, թե անփորձ, մեկ թիմ ենք ու իրար հասկանալով՝ պետք է առաջ գնանք, որպեսզի Հայաստանի առաջ կանգնած դժվարությունները լուծենք: Իսկ դրանք սկսվում են Ղարաբաղից, կոռուպցիայից»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում