Այդ մեթոդները մեզ հին, բարի ժամանակներն են հիշեցնում. Ռուստամյանը՝ Փաշինյան-Մինասյան բանավեճի մասին

Այդ մեթոդները մեզ հին, բարի ժամանակներն են հիշեցնում. Ռուստամյանը՝ Փաշինյան-Մինասյան բանավեճի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը շարունակում է դեմ լինել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, և Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում իր տեսակետը հայտնել է ոչ միայն որպես նախարար, այլ արտահայտել է Դաշնակցության մոտեցումը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստում Մինասյան-Փաշինյան բանավեճին։

«Պետք է հարգանքով մոտենալ միմյանց տեսակետներին», – նկատեց Ռուստամյանը։

Պատգամավորը հստակեցրեց, որ Դաշնակցությունը դեմ է պարտադիր բաղադրիչին առնվազն երեք պատճառով՝ նախ Դաշնակցությունը կողմ է սերունդների համերաշխության սկզբունքին, հետո՝ անձի սեփականության իրավունքին հակասում է պարտադիր բաղադրիչը և երրորդ պատճառն այն է, որ ժողովրդի սոցիալական վիճակը այնքան բավարար չէ, որ հավելյալ եկամուտներ անձը տրամադրի իր ապագայի համար։

«Մենք այս դիրքորոշումը պաշտպանել ենք, պաշտպանում ու կշարունակենք պաշտպանել», – նշեց պատգամավորը։

Անդրադառնալով նախարարի և վարչապետի միջև բուն բանավեճին՝ Ռուսատմյանն ասաց, որ կառավարությունը քաղաքական և կոլեգիալ մարմին է, որը չպետք է առաջ գնա միանձնյա որոշումներով։

«Վատ չի ձգտել համախոհության, բայց եթե կա տարակարծություն սկզբունքային հարցերի շուրջ, ապա ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել, որ նա քվեարկի, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում։ Այդ մեթոդները մեզ հին, բարի ժամանակներն է հիշեցնում, որը մեզ համար անընդունելի է»

Հետևեք մեզ նաև Telegram-ում