ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում

ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունենալու հունիսի 25-29-ը Ստրասբուրգում, Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենը ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:

Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին:

Զեկույցը կազմվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովում:

«ԵԽԽՎ-ն կոչ է անում իր անդամ երկրներին հարգել միավորումների և հասարակական կազմակերպությունների ազատության իրավունքը և օրենսդրական փոփոխությունների պարագայում խորհրդակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,-նշված է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում