Շարմազանովը ներողություն խնդրեց հայ ժողովրդից և նոր իշխանությանը մաղթեց անել ավելին, քան իրենք

Շարմազանովը ներողություն խնդրեց հայ ժողովրդից և նոր իշխանությանը մաղթեց անել ավելին, քան իրենք

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ ժողովրդից ներողություն խնդրեց նախորդ տարիներին իրենց չարածների համար և նոր իշխանություններին մաղթեց, որ կարողանան ժողովրդի համար անել ավելին, քան արել է նախորդ իշխանությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում Շարմազանովն ընդգծեց, որ իրենք ունեցել են բազմաթիվ սխալներ, թերություններ ու մեղքեր, որոնց համար, գուցե, կրել են քաղաքական պատասխանատվություն: «Եվ եթե անհրաժեշտություն կա, մենք մեր ժողովրդին կարող ենք ասել, որ ներողություն ենք խնդրում այն բոլոր չարածի համար, որ պետք է անեինք այս տարիների ընթացքում և մեր նոր իշխանության գործընկերներին մաղթում ենք, որ կարողանան ավելին անել, քան մենք արել ենք: Ներողություն, եթե չենք կարողացել արդարացնել ձեր սպասելիքները, սակայն մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա շեշտեց, որ Հայաստանի քաղաքական կյանքի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական բաղադրիչը բավականին հագեցած է: «Թռիչքային զարգացումը, կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարը շարունակում է մնալ կարևոր մեր երկրի համար: Բայց իմ կարծիքով անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերները մնում են ամենաառաջնայինն ու գլխավորը հայաստանյան հասարակության համար: Նախկինում ես այս ամբիոնից խոսել եմ 5 կարևոր մարտահրավերների մասին: Եվ այդ մարտահրավերների մեջ, թե պաշտպանության ու անվտանգության, թե արցախյան հարցի հայանպաստ ու խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է գլխավոր մարտահրավերներից մեկը»,- ասաց նա:

Շարմազանովն արձանագրեց, որ ՀՀ նոր կառավարությունը, շարունակելով նախորդ կառավարության արտաքին քաղաքական կուրսը, այն է՝ ԵԱՏՄ կառույցում շարունակել աշխատել և խորացնել հարաբերությունները, ՀԱՊԿ-ում շարունակել աշխատել և խորացնել հարաբերությունները, ՌԴ-ի հետ խորացնել դաշնակցային հարաբերությունները, փաստում է, որ նախորդ իշխանության իրականացրած արտաքին և անվտանգային ու պաշտպանական քաղաքականությունն արդարացված էր և բխում էր Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերից:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ափսոսանքով նկատեց, որ այդ ամենով հանդերձ երբեմն ականատես են լինում գնահատականների, որոնց նպատակն է սևացնել ամեն ինչ, ինչ եղել է նախկինում: Շարմազանովը շեշտեց, որ դիմացինի սևացնելով որևէ մեկը չի կարող բյուրեղանալ: Նրա խոսքով՝ ամեն մեկի և ամեն ինչի գնահատականը տալու է ժամանակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում