Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ-ից ակնկալում է ընտրակաշառքների վերաբերյալ հանցագործությունների պատշաճ քննություն

Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ-ից ակնկալում է ընտրակաշառքների վերաբերյալ հանցագործությունների պատշաճ քննություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության ուշադրությունը հրավիրեց ընտրական գործընթացում հանցագործությունների քննության վրա: «Տեղյակ եք, որ մենք ստանձնել ենք պարտավորություն՝ ապահովել իսկապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք կարտահայտեն ժողովրդի կամքը, ընդ որում, դա պետք է տեղի ունենա ոչ թե մեկ անգամ, այլ սրանից հետո միշտ: Այս առումով, կարծում եմ, որ հատուկ կարևորություն ունի ընտրական հանցագործությունների քննությունը և այս շարքում առանձնակի ուշադրություն եմ հրավիրել ընտրակաշառքների հետ կապված հանցագործությունների վրա: Հույս ունեմ, որ այդ հանցագործությունները, գործերը այսօր և հետագայում կարժանանան պատշաճ քննության և կբերեն կոնկրետ արդյունքներ»,- ասաց Փաշինյանը՝ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս:

Վարչապետի խոսքով՝ երբ ՀՀ քաղաքացիներն իրենց ամենօրյա կյանքի բերումով գիտեն, որ ՀՀ-ում համատարած բաժանվում են ընտրակաշառքներ և հետո նրանք չեն տեսնում գոնե մեկ դեպք, որը բացահայտվել է և որի իրականացնողներն ու կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվել՝ այդ պրոցեսում կորսվում է այն պոտենցիալ հարգանքը, որ կարող է լինել քննչական, իրավապահ մարմինների և ընդհանրապես պետության նկատմամբ:

«Հետևաբար, այն ինչի մասին խոսեցինք, ըստ էության, վերաբերում է Հայաստանի հեղինակությանը, առաջին հերթին սեփական քաղաքացիների առաջ, վերաբերում է իրավապահ համակարգի, ՀՔԾ-ի և վերջինիս յուրաքանչյուր քննիչի հեղինակությանը: Այն, ինչի մասին մենք խոսում ենք այսօր, ըստ էության, խոսում ենք մեր պետականության և պետական ինստիտուտների հեղինակության բարձրացման մասին, որը չի կարող լինել առանձին անհատի կամ առանձին քաղաքական ուժի օրակարգ: Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգ է, յուրաքանչյուր պետական ծառայողի օրակարգ է և բոլորիս այդ ծառայությունն իրականացնելիս մաղթում եմ հաջողություններ: Մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, ՀՀ քաղաքացիները սրանում չպետք է ունենան որևէ կասկած: Սա նշանակում է, որ մեր աշխատանքը չպետք է լինի տեղապտույտային, մեզ պետք են արդյունքներ ու այդպես անընդհատ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում