Պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակություն կատարելու կասկածանքով Մեծավան համայնքի ղեկավարին ձերբակալելու որոշում է կայացվել

Պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակություն կատարելու կասկածանքով Մեծավան համայնքի ղեկավարին ձերբակալելու որոշում է կայացվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, իմանալով համայնքային ենթակայությամբ գործող և համայնքապետարանի միջոցներով ֆինանսավորվող Մեծավանի մշակույթի կենտրոնի տնօրենի կողմից 2013 թվականի հունիս ամսից մինչև 2018 թվականի մայիսի 31-ը, իսկ դռնապահի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրերով նախատեսված պարտականությունները չկատարելու, աշխատանքի չհաճախելու հանգամանքի մասին, կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ ներառելով այդ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ներկայացրել են վճարման: Արդյունքում վերջիններիս անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր շուրջ 4.500.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ:

Միաժամանակ նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք 2017թ. ընթացքում կազմել են համայնքի թվով 10 բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, և դրանք ներկայացրել վճարման: Արդյունքում համայնքի բյուջեից անհիմն ելքագրվել է ընդհանուր 380.000 ՀՀ դրամի չափով գումար, որն ստացել են իրենք՝ յուրացնելով այն:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում կատարելու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Նկատի ունենալով, որ քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք և գտնվում է այլ տեղանքում, ՀՀ Լոռու մարզի դատախազի ցուցումով 2018 թվականի հունիսի 12-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում