Իմ և ներկա կառավարության տեսակետները կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հակասում են իրար. Մանե Թանդիլյանն` իր հրաժարականի մասին

Իմ և ներկա կառավարության տեսակետները կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հակասում են իրար. Մանե Թանդիլյանն` իր հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am:  Կառավարության և իմ տեսլականները կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հակասում են իրար և այս պարագայում հնարավոր չէ, որ ես շարունակեմ աշխատել որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց հրաժարական ներկայացրած ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Կառավարության նիստին, որին բոլորդ հետևում էիք, ըստ էության, կայացվեց որոշում, որը հակասում էր այն նախագծին, որը ես էի ներկայացրել առ այն, որ հետաձգվի պարտադիր բաղադրիչի ամբողջական կիրառումը», – ասաց Մանե Թանդիլյանը:

Նա ընդգծեց` այդ որոշումը հակասում է իր ունեցած տեսակետին:

«Ես կարծում եմ, որ այն չի համապատասխանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման իմ տեսլականին և ճանապարհին, ու սա է պատճառը, որ մտածում եմ այս պարագայում հնարավոր չէ, որ շարունակեմ աշխատել որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Պետք է ասեմ, որ քննարկումները երկար են եղել և պետք է ազնիվ լինել ու ասել, որ լսվել են տարբեր տեսակետներ, բայց կայացվել է վերջնական այն որոշումը, որի ականատեսը եղանք», – ասաց Մանե Թանդիլյանը:

Հարցին, թե ի՞նչ կանի, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չընդունի հրաժարանի իր դիմումը, Մանե Թանդիլյանը նշեց, որ քաղաքականության մեջ մի բան է սովորել` այստեղ «եթե»-ներով չեն խոսում:

Ինչ վերաբերում է ներկա կառավարությունից եղած հնարավոր վիրավորվածությանը, Մ. Թանդիլյանն արձագանքեց.

«Դա այն կատեգորիան չէ, որով ես առաջ եմ շարժվում: Իրականությունն այն է, որ ես ունեմ պատկերացումներ և դրանք չեն համապատասխանում այսօրվա Կառավարության տեսլականին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում