Հայաստանը ողջունում է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի պատմական հանդիպումը

Հայաստանը ողջունում է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի պատմական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանը ողջունել է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ունի հանդիպումը: Այս մասին գրառում է արվել Հայաստանի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք ողջունում ենք Սինգապուրի պատմական գագաթնաժողովը ԱՄՆ ու ԿԺԴՀ միջև, որը տեղի ունեցավ հունիսի 12-ին: Դա կարևոր քայլ ենք համարում համապարփակ լուծում գտնելու ճանապարհին՝ հանուն Կորեական թերակղզում տարբերությունների հաղթահարման ու լարվածության թուլացման»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարները հունիսի 12-ին կնքել են համաձայնագիր, ըստ որի՝ Վաշինգտոնն ու Փհենյանն աշխատելու են հարատև և կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ:

Բացի այդ, երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են 1950-1953 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած ամերիկացի զինծառայողների մարմինների որոնման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում