Մենք համոզված ենք, որ պարտադիր կուտակային համակարգը ներկա ձևով չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին. Արծվիկ Մինասյան

Մենք համոզված ենք, որ պարտադիր կուտակային համակարգը ներկա ձևով չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի ներդրման մասին որոշմանը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումները կայացվում են բոլորի կողմից և այս պահին որոշումն այն է, որ հուլիսի 1-ից պետք է գործի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։

«Պարոն վարչապետը հստակ բացատրեց, որ եթե այս համակարգը հետաձգվի, այն 270 հազար աշխատողները լեգիտիմ հարց են բարձրացնելու՝ ինչու են իրենք համակարգին միացել, բայց այն դարձյալ հետաձգվում է։ Այս փոփոխություններով մենք մեղմում ենք համակարգին միացողների բեռը՝ օրակարգում պահելով շատ հստակ հարց՝ արդյոք պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրակա՞ն է, թե ոչ», – ասաց նախարարը:

«Մենք համոզված ենք, որ պարտադիր կուտակային համակարգը այն ձևով, ինչպես մենք ունենք, չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին՝ մեր պետության տնտեսական ներկա պայմաններում։ Մեր պայքարը Սահմանադրական դատարանում ու փողոցում հստակ հիմքեր ուներ։ Այս կառավարությունը ունի հնարավորություն ուսումնասիրել հակասահմանադրականության հարցը», – հայտարարեց Մինասյանը։

Նախարարի կարծիքով՝ սկզբունքայնությունը այդ հարցի լուծման ուղղությամբ հետևողական գնալն է։ «Երբ զգանք՝ անհնարին է այլևս շարունակել, համոզված եղեք, որ կամք ու վճռականություն կա հեռանալու», – հավելեց դաշնակցական նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում