Էդմոն Մարուքյանը հերքում է «Ելք» խմբակցությունում տարաձայնությունների մասին լուրերը

Էդմոն Մարուքյանը հերքում է «Ելք» խմբակցությունում տարաձայնությունների մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է խմբակցությունում լուրջ տարաձայնությունների մասին խոսակցությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե խմբակցության ղեկավարի ընտրության հարցում տարաձայնություններ կան, Մարուքյանը նշեց, որ այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:

«Տարաձայնություններ մեզ մոտ չկան, կան քննարկումներ, իսկ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը մեզ համար այնքան կարևոր չէ, որքան մեզ մոտ եղած քննարկումներն են: Այդ խնդիրը կլուծվի»,- ընդգծեց նա:

Մարուքյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խմբակցությունը շարունակում է բնականոն աշխատանքը: «Մենք ունենք խմբակցության քարտուղար, խմբակցությունը շարունակում է բնականոն աշխատել, դուք տեսաք, որ այսօրվա մեր բոյկոտի արդյունքում Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց: Այսինքն, խմբակցությունը նորմալ գործում է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում