«Պետք է հանդիպում ունենամ հակամարտող կողմերի հետ». Արայիկ Հարությունյանը գնում է Գյումրի

«Պետք է հանդիպում ունենամ հակամարտող կողմերի հետ». Արայիկ Հարությունյանը գնում է Գյումրի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, 168.am: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ արտերկրից բազմաթիվ գործարարներ դիմում են, թե հայտարարված մենաշնորհների վերացումն իրականության մեջ գործո՞ւմ է, թե՞ ոչ։

Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ խնդիրն ունի լուծման երկու ասպեկտ՝ քաղաքական և ինստիտուցիոնալ. «Քաղաքական մասով որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ հարցը լուծված է, քաղաքական հովանավորչության տակ մենաշնորհներ այլևս չկան ու չեն կարող լինել։ Ինստիտուցիոնալ մասով, արդեն պետք է գործեն համապատասխան մարմինները։ Դրանցից մեկն է, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինը և այլ մարմինները, որոնք արդեն իսկ սկսել են գործել ու արդյունքներ են արձանագրում»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն էլ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի ճակատագրերով։

Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց, որ նիստից հետո ինքն անմիջապես գնում է Գյումրի.

«Պետք է հանդիպում ունենամ հակամարտող կողմերի հետ։ Մենք հայտարարել ենք, որ մենք բուհերի ակադեմական ազատությունների և ինքավարության կողմնակիցն ենք, ու առավելագույնս անում ենք, որ չմիջամտենք բուհերի գործերին։ Այն ժամանակ եղել է հորդոր իմ կողմից՝ վերականգնել այդ մարդկանց իրենց աշխատատեղերում։ Այս դեպքում ԿԳ նախարարությունը կարող է լինել միջնորդի դերում, և իր լիազորությունների սահմանում չկա տվյալ անձանց վերականգնումը։

Ես գնում եմ հանդիպեմ բոլոր կողմերի հետ՝ ուսանողների, նախկին ղեկավարության, գործող ղեկավարության, աշխատանքից հեռացվածների հետ, և փորձելու գտնել կոմպրոմիսային տարբերակ։ Որոշ մարդիկ չեն առաջնորդվում Շիրակի պետական համալսարանի շահերով, այլ՝ իրենց անձնական շահերով։ Այս դիրքորոշումը չի բերում կոմպրոմիսային լուծումների, բայց այս վիճակը երկար չի կարող շարունակվել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում