Փաշինյանն այցելեց Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր

Փաշինյանն այցելեց Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր

ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 14-ի առավոտյան եղավ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում:

Նրան դիմավորեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Վերջինիս ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Սուրբ Պայծառակերպության մայր տաճար, որտեղ կատարվեց մոմավառություն:

Եզրաս Սրբազանի առաջնորդությամբ հոգևոր դասն աղոթք հնչեցրեց աշխարհի խաղաղության, Հայաստանի բարօրության համար: ՀՀ վարչապետը նաև շրջայց կատարեց Տապան թանգարանում, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթին վերաբերող, հայկական եկեղեցուն պատկանող ցուցանմուշներ:

Այնուհետև, Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Վարժարանում կարող է սովորել մինչև 200 աշակերտ: Վարչապետը ծանոթացավ վարժարանի հնարավություններին: Նշվեց, որ այն կահավորված է լավագույն գույքով ու սարքավորումներով: Վարժարանում դասավանդելու են բարձ որակավորում ունեցող դասախոսներ: Ընդ որում, վարժարանը նախատեսված է տարբեր ազգերի ներկայացուցիչների կրթության համար: Դասավանդվող առարկաների շարքում է նաև հայերենը: Վարժարանը հիմնվել է Եզրաս Սրբազանի հովանու ներքո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում