Այս հերոսությունների մասին սերունդներին պատմելը մեր պարտքն է. Փաշինյանը՝ Մոսկվայում Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությանը

Այս հերոսությունների մասին սերունդներին պատմելը մեր պարտքն է. Փաշինյանը՝ Մոսկվայում Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց մարշալ, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությանը Փառքի Բլուրում:

Նա իր խոսքում նշեց, որ մեծ հպարտությամբ է գտնվում այստեղ: «Ես առանձնահատուկ երջանիկ եմ զգում Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել խորհրդային հերոս, մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի նվիրաբերման արարողությանը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Համազասպ Բաբաջանյանի անունն իր արժանի տեղն է գրավում սովետական բարձրաստիճան զինվորականների շարքում:

«Ամբողջ պատերազմի ընթացքում Համազասպ Բաբաջանյանը և նրա ղեկավարած ուժերը ազատագրել են քաղաքներ»,- ասաց նա: Վարչապետ նշեց նաև, որ որպես հայ ազգի ներկայացուցիչ՝ դրսևորել է պատասխանատվություն և հերոսություն՝ դառնալով Հայրենական մեծ պատերազմի լավագույն տանկային հրամանատարներից:

 «Ուզում եմ հատուկ նշել, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը գրված է հայ ժողովրդի հերոսական պատմության էջերում՝ Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսական մարտերին կռվողների անունների հետ, որոնց հարյուրամյակը Հայաստանը նշեց մեկ ամիս առաջ»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքով՝ մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությունը վկայությունն է այն բանի, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն հարգում են Հայրենական պատերազմի հերոսներին, այլ նաև նրանց մասին հիշողությունը փոխանցում են սերնդից սերունդ:

«Հայրենական պատերազմից չվերադարձավ նաև իմ պապը, ում անունը ես եմ կրում: Մեր պարտքն է այս հերոսությունների մասին պատմելը մեր սերունդներին, ինչպես նաև՝ ապահովելը մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց նա:

Ելույթ ունեցավ նաև Լարիսա Բաբաջանյանը՝ Համազասպ Բաբաջանյանի դուստրը: Նա շնորհակալություն հատնեց ՀՀ ղեկավարությանն ու դեսպանությանը, որ նման «մեծ նվեր» են մատուցել:

Փաշինյանին այստեղից ճանապարհեցին՝ «դուխով», «Նի՛կոլ, վարչապե՛տ» վանկարկումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում