Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է տուբերկուլյոզի հետևանքով չորս տեսակի կենդանիների անկում

Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է տուբերկուլյոզի հետևանքով չորս տեսակի կենդանիների անկում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզի հետևանքով 4 տեսակի կենդանիների անկում է գրանցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանն ասաց, որ անկման դեպքերը գրանցվել են հունվար ամսվա վերջից մինչև փետրվարի սկիզբ, Երևանի կենդանաբանական այգին էլ այդ ընթացքում փակ է եղել այցելուների համար:

«Հիվանդությունն առաջինը գլուխ է բարձրացրել կխտարի մոտ: Լաբորատոր հետազոտության հաստատումից հետո, նույն խնդիրը նկատվել է նաև լամաների մոտ: Քանի որ պետական միջոցառումը ենթադրում է տուբերկուլյոզի հարուցիչի դեմ շատ խիստ պայքար, սմբակավորների այն խմբաքանակը, որն ապրում էր նույն տարածքում, վերացվել է»,-ասաց նա, վստահեցնելով, որ Երևանի կենդանաբանական այգին երբևէ չի կոծկել որևէ հիվանդություն, որն առկա է եղել Երևանի կենդանաբանական այգու կենդանիների շրջանում:

Տուբերկուլյոզի հետևանքով տուժել են ոչ միայն լամաները, այլև կամերունյան այծը, եղջերուները և կխտարը: «Հիվանդության արդյունքում 8 գլուխ լամաներ քնեցվել են, որից հետո կատարվել է սանիտարական-ախտաբանական շատ մեծ աշխատանք, հողի քանդման աշխատանքներ, որպեսզի կարողանանք այդ հարուցիչից ազատվել: Դեպքի մասին տեղեկացվել են տեսչությունը, տուբերկուլյոզի ազգային դիսպանսերը, Երևանի քաղաքապետարանը»,-հավելեց նա:

Արևիկ Մկրտչյանը հավաստիացրեց, բոլոր անկած կենդանիների գլխաքանակը հեշտությամբ կարելի է վերականգնել: «Վրաստանից ներմուծել ենք մեկ արու լամա և ևս մեկ էգը շուտով կգա Կալինինգրադի կենդանաբանական այգուց, որի արդյունքում շատ արագ կվերականգնենք կենդանիների գլխաքանակը»,-ընդգծեց այգու միջազգային կապերի պատասխանատուն:

Հունիսի 14-ին լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի կենդանաբանական այգում տասնյակ կենդանիներ են անկել, սակայն դեպքի մասին որևէ տեղեկատվություն այգին չի տրամադրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում