Իսկ եթե վաղը մեկ ա՞յլ խումբ որոշի օգտվել իր ապստամբության իրավունքից

Իսկ եթե վաղը մեկ ա՞յլ խումբ որոշի օգտվել իր ապստամբության իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Գրեթե ամեն օր խափանման միջոցը փոխելու արդյունքում ազատ են արձակվում ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները։ Եթե նրանք կալանավորված լինեին մանր- մունր հանցանքի համար, ապա հումանիզմի տեսանկյունից նրանց ազատ արձակումը միանգամայն ողջունելի կլիներ, նույնիսկ կարելի էր պահանջել, որպեսզի առհասարակ քրեական գործը կարճվի։

Սակայն նրանց առաջադրված են ծանրագույն մեղադրանքներ, այն է՝ ապօրինի զենք- զինամթերքի կրում ու օգտագործում, ռազմական օբյեկտի գրավում, օբյեկտը պահպանող ոստիկանների սպանություն, ոստիկանների ու բուժաշխատողների պատանդառում, բանկոմատից առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակումն էլ վրադիր։

Ընդ որում, այդ ամենը կատարվել է ոչ թե մեկ անձի կողմից, այլ խմբավորման, որն առավել ծանրացուցիչ հանգամանք է։

Ցանկացած մեկ այլ երկրում, հատկապես ժողովրդավարությունն ու մարդու ազատությունը բացարձակ արժեք հռչակած ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում ու Ռուսաստանում, նման արարքները կորակվեին ահաբեկչություն ու այդ քայլին գնացած մարդիկ, եթե բախտ ունենային չգնդակահարվել գործողությունից րոպեներ անց, պատասխանատվություն կկրեին օրենքի համապատասխան հոդվածներով։

Նման արարքներ կատարած խմբավորման անդամները, ովքեր կորակվեին ահաբեկիչներ, նույնիսկ չէին էլ կարող երազել, որ իրենց նկատմամբ կկիրառվի խափանման միջոցի փոփոխություն ու իրենք կարող են ազատորեն վերադառնալ հասարակություն։

Ի դեպ, բնավ կապ չունի գործողության դրդապատճառն ու նպատակը։ Ոչ մի ահաբեկչություն ինքնանպատակ չէ և ցանկացած ահաբեկչություն՝ կատարողների տեսանկյունից ունի իր արդարացումը։

Մեզ մոտ ՊՊԾ գունդը գրավողների հիմնական արդարացումն այն է, որ ցանկացած մարդ ունի ապստամբելու իրավունք (ոչ սահմանադրությամբ, ոչ օրենսդրությամբ որևէ մեկին ապստամբելու իրավունք տրված չէ), իսկ ապստամբության դեպքում հնարավոր են նաև մարդկային զոհեր։

Չկա որևէ զղջում, որևէ ափսոսանք, որ կորսվել են մարդկային կյանքեր (հակառակը՝ կա անուղղակի մեղադրանք զոհված ոստիկանների հասցեին, որ եթե չդիմադրեին, չէին զոհվի)։

Չկա գիտակցումն այն բանի, որ հայ հանրությունը խուսափում է ներքին հարցերը զենքի միջոցով լուծելու տարբերակներից, հակառակ դեպքում հաջորդ օրը բոլոր փողոցները կփակվեին, ինչպես եղավ այս տարի գարնանը։

Բայց ներկա պահին կարևորը դա չէ։ Կարևորը նույնիսկ այն էլ չէ, որ հասարակության մի մասը նրանց որակում է որպես քաղբանտարկյալներ, մի մասը մերժում նման գործողությունները։

Կարևորը մեր դատական համակարգի պահվածքն է։

Եթե մեր դատարանները մերժում են, որ իրենք նախկինում կախվածություն ունեին գործադիրից, ապա այդ ի՞նչն է փոխվել այժմ, որ ներկայումս մեկի մյուսի հետևից փոխում են խափանման միջոցները։

Եթե ժամանակին գտնում էին, որ այդ մարդկանց խափանման միջոցը միայն կալանավորումը պետք է լինի, ապա ներկայումս փոխելով դիրքորոշումը, արդյո՞ք հիմա են հայտվել գործադիրից կախվածության մեջ։

Բնականաբար, դատական համակարգում ոչինչ էլ չի փոխվել։ Մեր դատական համակարգը նույնն էր երեկ, նույնն է այսօր։ Նույն դատավորներն են, նույն խիղճը ու նույն վախը վերադասից։

Բնականաբար բոլորս ենք հասկանում, որ ներկայումս այլ քաղաքական իրավիճակ է ու այսօր վճիռների փոփախման հիմքում ոչ թե իրավական նորմերն են գերիշխողը, այլ հենց առկա քաղաքական իրավիճակը։

Մի պահ եկեք ողջունենք մեր դատարանների որոշումները, ողջունենք խափանման միջոցների փոփոխությունները, ողջունենք բոլորի ազատ արձակումը։

Մի պահ եկեք տրամադրվենք վատատեսությամբ ու հենց այդ պեսիմիզմի տեսանկյունից երևակայենք նման գործողությունների կրկնություն ենթադրենք մի երկու ամսից։

Ենթադրենք մի երկու ամսից, մի այլ 30 հոգանոց խումբ, ոգևորված դատարանների այսօրվա որոշումներից, դժգոհելով ներկայիս իշխանությունների քայլերից ու օգտվելով իր ապստամբության իրավունքից, զինվի, կրկին գրավի ՊՊԾ գունդը, սպանի հերթապահող ոստիկաններին ու պատանդառի բժիշկներին։

Արդյո՞ք մեր «արդարամիտ» դատավորները նրանց ևս գրավի դիմաց ազատ կարձակեն, թե՞ հաշվի առնելով, որ իրողություն է փոխվել, այս անգամ նրանց կդատապարտեն օրենքի ողջ խստությամբ, իսկ Ազգային ժողովում չի գտնվի գեթ մեկ պատգամավոր, ով իր անձնական երաշխավորությամբ կմիջնորդի խափանման միջոցը փոխելու համար։

Ու ամենակարևորը, արդյո՞ք մեր ներկայիս իշխանությունները կունենան այնպիսի քաղաքական կամք, որ չմիջամտեն մեր «անկախ» դատավորների որոշումներին ու հանդուրժեն, որ իրենց վրա զենք բարձրացնողները հայտվեն ազատության մեջ։

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում