Չենք բացառում քաղաքական շարժառիթի հնարավորությունը. Շարմազանովը՝ Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ-ի գործողությունների մասին

Չենք բացառում քաղաքական շարժառիթի հնարավորությունը. Շարմազանովը՝ Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ-ի գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Երևան» հիմնադրամում ազգային անվտանգության ծառայության գործողությունները առնվազն ձևի առումով ոչ համաչափ է համարում: Այս մասին նա ասաց հունիսի 14-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ: Չենք բացառում, որ այստեղ կարող է լինել հնարավոր քաղաքական շարժառիթ»,- նշեց նա:

Շարմազանովը հավելեց, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, բացառապես օրինականության կողմնակից է: «Մենք ուշի ուշով հետևելու ենք այս գործընթացին և կոչ ենք անում բոլոր կողմերին, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում: Կրկնում եմ՝ առնվազն ձևի առումով «Երևան» հիմնադրամում կատարված գործողությունները ոչ համաչափ են: Ես չեմ կարծում, որ հիմա 1937 թվականն է, կամ չեմ կարծում, որ եթե հրավիրեին համապատասխան պաշտոնյաներին կամ փաստաթղթեր ցանկանային, չէին կարող առանց դիմակների մեր համապատասխան հարգարժան իրավապահ մարմինները ստանալ: Սա իմ կարծիքն է, որը կիսում են նաև իմ կուսակցական ընկերները»,- եզրափակեց Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում