Թևան Պողոսյանը կարևորում է կառավարության ցանկացած բարեփոխում հանրությանը ներկայացնելն ու բացատրելը

Թևան Պողոսյանը կարևորում է կառավարության ցանկացած բարեփոխում հանրությանը ներկայացնելն ու բացատրելը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը մեծապես կարևորում է ՀՀ կառավարության ցանկացած բարեփոխման և նախաձեռնության մասին հանրությանը հաշվետվություն տալը: Նրա կարծիքով, որոշ ոլորտներում փոփոխությունների մասին իրազեկման բաց կա:

«Կառավարության ցանկացած գործողություն պետք է բացատրվի, ամեն ինչ պետք է լինի թափանցիկ: Հանրային վերահսկողության տեսակետից հանրությունն իրավունք ունի իմանալ, պահանջել, իսկ կառավարությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, բացատրել և հիմնավորել»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ մինչ նոր ընտրություններն այդ մշակույթի ձևավորման պարագայում կունենանք շատ լուրջ առաջընթաց:

Նա որոշ ոլորտներում հանրության հետ հաղորդակցման, հանրության իրազեկման բացթողում է տեսնում: Շատ բաներից մարդիկ տեղյակ չեն: Չնայած դրան՝ դրական միտումներ ևս նկատում է: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրության հետ հաղորդակցվում է ամեն անգամ նոր մեխանիզմներով՝ մի անգամ ուղիղ եթերով է միանում, մյուս անգամ պատասխանում է լրագրողների ցանկացած հարցերի: Բայց ունենք ոլորտներ, որտեղ հաղորդկացման, հանրության իրազեկման խնդիրը բարելավելու կարիք կա»,-նկատեց Պողոսյանը:

Նա նշեց՝ հանրության կողմից պահանջատիրության մշակույթի ձևավորումը շատ կարևոր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում