Արցախից ահագին մարդ է եկել Երևան, ուզում են այստեղ հասկանալ, թե իրենք «ոնց կարան օգտակար լինել իշխանափոխությանը» Արցախում

Արցախից ահագին մարդ է եկել Երևան, ուզում են այստեղ հասկանալ, թե իրենք «ոնց կարան օգտակար լինել իշխանափոխությանը» Արցախում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան անդրադարձել է Սամվել Բաբայանի ազատ արձակմանն ու Արցախի ներքաղաքական իրավիճակին։

«Սամվել Բաբայանն ազատ արձակվեց։ Իսկ առավոտյան Ն. Փաշինյանին աջակցող տեղեկատվական ցանցերը Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի և «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնած՝ «Բակո, հեռացի՛ր» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքների անոնսն էին անում։ Արցախից ահագին մարդ է եկել Երևան, ուզում են այստեղ հասկանալ, թե իրենք «ոնց կարան օգտակար լինել իշխանափոխությանը» Արցախում։ Հիմա արդեն պարզ է, որ.

ա) Փաշինյանի իշխանությունը լուրջ նպատակներ ունի հայկական երկրորդ պետությունում։ Եվ դա երևի թե տրամաբանական է։ Որովհետև պարզ է, որ Արցախն ինքն իրենով քաղաքական ուժի առանձին կենտրոն է, և Հայաստանում տոտալ իշխանության ձգտող Փաշինյանը չի կարող իր նպատակին հասնել, եթե Արցախում չլինի իր համար շատ վստահելի ղեկավար։

բ) Պատերազմն Արցախում չի սկսվում, որովհետև հակառակ կողմը սպասում է էլ ավելի բարենպաստ պայմանների։ Այս առումով՝ ԼՂՀ-ում առկա ներքին քաոսի պոտենցիալը լրացուցիչ հույսեր է տալիս Ալիևի վարչակազմին։

Ապրենք, տեսնենք։ Վստահ եմ, որ Սամվել Բաբայանը շուտով Արցախ կգնա։ Չգիտեմ, այս անգամ ոնց կստացվեն նրա հարաբերությունները Հայկ Խանումյանի հետ, բայց փաստն այն է, որ «ղալաթ անելով» շատ բաներ է փոխվել մեր իրականության մեջ։ Բացի այդ, վաղը դեռ վարչապետի այց կա Ստեփանակերտ։ Հատկապես մոսկովյան այցից ու ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպումից հետո շատ հետաքրքիր է լինելու հետևել նրա խոսքին ու գործին Արցախում», գրել է քաղաքագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում