Եթե տնից բան չուղարկեն, բանակի հատկացրածն ամբողջովին բավարար է, որ զինվորները ապահովված լինեն. Նորայր Յոլչյան (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am։ Տարվա ընթացքում զինծառայողներին տրամադրվում է 16 զույգ գուլպա ամառային համազգեստի հետ, 8 զույգ՝ ձմեռայինի հետ, ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով՝ զինվորին 24 զույգ գուլպա է տրամադրվում, ինչը բավարար է, լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ թիկունքի պետ գեներալ-մայոր Նորայր Յոլչյանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող իրային միջոցները:
Անդրադառնալով տնից զինվորներին ուղարկվող պարագաներին՝ Յոլչյանն ընդգծեց, որ տվյալ պահին հրամանով արգելվել է դրսից ինչ-որ միջոցների փոխանցումը զինվորներին:
«Մենք տրամադրում ենք մինիմալից ավելի, որը բավարար է զինծառայողին ծառայության ընթացքում ապահովելու համար: Վստահեցնում եմ, որ եթե տնից բան չուղարկեն, բանակի հատկացրածն ամբողջովին բավարար է, որ զինվորներն ապահովված լինեն», – ասաց նա:
Անդրադառնալով վարտիքների մասով եղած խնդիրներին՝ Յոլչյանը նշեց, որ զինվորները չեն ցանկանում լվացած վարտիքներ հագնել և նորն են պահանջում: Նա ընդգծեց, որ այս խնդիրը լուծելու համար բոլոր զորամասերում լվածքի մեքենաներ են տեղադրվելու, իսկ զինվորներին անհատական լվացքի պարկեր են տրամադրվելու, որոնցում նրանք իրենց անձնական իրերը կարող են լվանալ:
«Այս տարի 450 լվացքի մեքենա ենք տեղադրելու բոլոր զորամասերում: Ամեն մեկին անհատական լվացքի պարկեր ենք տալու, որ ամեն մեկն իր իրերը երբ պետք է, լվանա», – ընդգծեց նա:
Խոսելով գնումների գործընթացից՝ Յոլչյանն ասաց, որ վերջինս իրականացվում է մրցութային կարգով, և ամեն ինչ բացառապես տեղական արտադրության է:
«Երբ մրցույթը հայտարարվում է, ներկայացվում են այն պայմանները, որոնցով նախատեսված է նյութական միջոցները ԶՈՒ-երին մատակարարել: Ընդունող հանձնաժողովն ապրանքներն ընդունելիս ղեկավավում է նյութական միջոցների տեխնիկական բնութագրերով: Դրանից բացի, նյութական միջոցներն անխտիր անցնում են լաբորատոր փորձաքննություն: Լինի սննդամթերք, թե համազգեստ՝ մինչև փորձաքննության արդյունքները դրական չեն լինում, ոչ մի միջոց չի մուտքագրվում պահեստ», – հավելեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում