Առողջապահության նախարարությունն ուսումնասիրելու է կենդանաբանական այգում տուբերկուլյոզով մարդկանց վարակվելու հավանականությունը

Առողջապահության նախարարությունն ուսումնասիրելու է կենդանաբանական այգում տուբերկուլյոզով մարդկանց վարակվելու հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Առողջապահության նախարարությունը ուսումնասիրություն է կատարում պարզելու կենդանաբանական այգում տարեսկզբին տարածված տուբերկուլյոզի արդյունքում մարդկանց վարակվելու վտանգը: Հունիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հունվար-փետրվարից հետո այգում տուբերկուլյոզի դեպք չի արձանագրվել: «Մարդկանց վարակվելու վտանգի հետ կապված ուսումնասիրությունը վերջնական փուլում է: Կենդանաբանական այգու աշխատակիցները հետազոտվել են»,-ասաց նախարարը, վստահեցնելով, որ ուսումնասիրությունների հետ կապված իր ղեկավարած գերատեսչությունն այսօր հայտարարություն կանի:

ԱՆ-ն հունիսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում էր ծնողներին ՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, հորդորում ենք ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն:

Նախարարությունից չեն բացառել վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:

Կենդանաբանական այգում հունվար-փետրվար ամիսներին տուբերկուլյոզ հիվանդության պատճառով անկել են 4 տեսակի կենդանիներ: Կենդանաբանական այգուց վստահեցնում են, որ այդ ժամանակահատվածում այգին փակ է եղել այցելուների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում