Ոստիկանությունը յուրացման նոր դեպք է բացահայտել. պետությանը պատճառված շուրջ 20 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ոստիկանությունը յուրացման նոր դեպք է բացահայտել. պետությանը պատճառված շուրջ 20 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանությունում նախապատրաստած նյութերով պարզվել է, որ 2017թ. մայիսին «Բիգ էներգո» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության նախկին տնօրինության միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի «Բիգ էներգո» ընկերությունը 200 օրվա ընթացքում պետք է ալյումինե փոշիով ներկման աշխատանքներ կատարեր` ներկելով 134 մետաղական հենարան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ներկման աշխատանքների գումարը 94 միլիոն 700 հազար դրամ է: Աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն պետք է իրականացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության համապատասխան պաշտոնատար անձինք:

Պայմանագրով նախատեսված աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք անբարեխիղճ են կատարել իրենց պարտականությունները: Արդյունքում «Բիգ էներգո» ընկերության տնօրինությունը աշխատանքների կատարման համար նախատեսված գումարները հափշտակելուց դիտավորությամբ կազմել է աշխատանքների ամբողջ ծավալներով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնք ստորագրել են նաև աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք:

Այսպիսով, «Բիգ էներգո» ընկերությունը յուրացման միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 20 միլիոն դրամ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել «Բիգ էներգո» ընկերության տնօրինության հետ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում