ՄԻՊ-ն այցելել է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին

ՄԻՊ-ն այցելել է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 16-ի գիշերն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են լուծում:

Պատգամավորի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից:

Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում