Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի

Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Իրավաբան Նորայն Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԿԱՐՈՂ Է ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼ ՄԻԱՅՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

«Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

Նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի համմաձայն՝ Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝ երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը:
Նույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ Հերթական նստաշրջանի օրակարգում Պարտադիր քննարկման ենթակա հարց է հանդիսանում պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը:

Վերը նշված իրավանորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ Ազգային Ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն կարող է տալ Ազգային Ժողովը գաղտնի քվեարկությամբ Ազային Ժողովի առաջիկա հերթական նիստում գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի քննարկումից հետո:

Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվել է ս.թ. հունիսի 15-ին, իսկ հաջորդ նստաշրջանը սկսվելու է ս.թ. սեպտեմբերի 10-ին, որի ընթացքում էլ տեղի կունենան Ազգային ժողովի հերթական նիստերը:

Սա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Ազգային ժողովը կարող է քննել միայն ս.թ. սեպտեմբերի 10-ին, իսկ սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալման պահից 72 ժամը լրանալուն պես Սահմանադրության ուժով անհապաղ ազատ կարձակվի, քանի որ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանել է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել բացառապես Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, ինչը նշանակում է, որ այդ հարցը չի կարող ընդգրվել թե՛ արտահերթ նստաշրջանի, թե՛ արտահերթ նիստի օրակարգում:

Հ.Գ. «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի հեղինակների «փայլուն» աշխատանքի արդյունքում ահա այսպիսի լուրջ սողանցք է հայտնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում