Նման արարքն արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի տարածքների խուզարկության ԱԱԾ տեսանյութի մասին

Նման արարքն արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի տարածքների խուզարկության ԱԱԾ տեսանյութի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքներով հրապարակված տեսանյութին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ այդ տեսանյութը դիտելուց հետո խորը վրդովմունք է ապրել: «Եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, դրան արդարացում չկա՝ ուզում է` ես անեմ, ուզում է իմ տղան անի, ով ուզում է անի: Որևէ մեկը չպետք է միջամտի իրավապահների գործողություններին: Պիտի հնարավորություն տրվի, որ իրավապահները օրենքով սահմանված կարգով ամբողջական քննություն իրականացնեն: Ես իմ երեխայի աչքերի մեջ չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքն արդարացվի: Չեմ ցանկանում հիմա որակում տալ, բայց եթե պարզվի, որ այն, ինչ ԱԱԾ-ն հայտարարել է, այն, ինչ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, ճիշտ է, ու պարզվի, որ այդ ամենի հեղինակը նշված անձն է, դրան արդարացում չկա: Առհասարակ արդարացում չկա պետական բյուջեից փող գողանալուն, բայց զինվորից… Չեմ ցանկանում ավելի բաներ խոսել»,- նշեց Շարմազանովը:

Հարցին՝ կողմ քվեարկելո՞ւ է Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությանը, Շարմազանովը պատասխանեց, որ ինքը հունիսի 19-ին երկրից մեկնում է: «Ես վաղը մեկնում եմ երկրից: Ես հիմա այդ մասին չեմ ցանկանում խոսել: Ես արարքի մասին եմ խոսում: Մենք այս պահի դրությամբ դատախազությունից որևէ միջնորդություն չենք ստացել: Այս պահին Ազգային ժողովում նման փաստաթուղթ չկա»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը նաև նշեց, որ շուտով կլինի նաև ՀՀԿ գնահատականը, որը իր անձնական գնահատականից շատ չի տարբերվելու: «Ես այս ամբիոնից բազմաթիվ անգամ խոսել եմ, անդրադարձել եմ բանակից գողության խնդրին, ինչ ասել եմ՝ ուժի մեջ է: Այս արարքին գնահատական պիտի տրվի: Եթե ամեն ինչ հաստատվի, Արմեն Աշոտյանն անձնական ողբերգություն է ապրելու, ինչպես ինքն է ասել, ես՝ անձնական հիասթափություն»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Հարցին՝ զինվորի հացը գողացողը ազգի հերո՞ս է, թե՞ ազգի տականք, Շարմազանովը պատասխանեց. «Ազգի դավաճան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում