Ուրիշ ի՞նչ վերաբերմունք կարող է լինել. Վահե Էնֆիաջյանը՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության մասին

Ուրիշ ի՞նչ վերաբերմունք կարող է լինել. Վահե Էնֆիաջյանը՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքներով հրապարակված տեսանյութին: Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը Վահե Էնֆիաջյանն ընդգծեց. «Նման գործելաոճ ունեցող անձը ոչ միայն հասարակության կողմից պետք է վերաբերմունքի արժանանա, այլև օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվի»,- նշեց Էնֆիաջյանը:

Հարցին, թե «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկելո՞ւ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ այդ հարցը խմբակցությունում դեռ չեն քննարկել, սակայն հավելեց. «Բայց նման գործելաոճի պարագայում ուրիշ ի՞նչ վերաբերմունք պետք է լինի»:

Վահե Էնֆիաջյանը նաև կարծիք հայտնեց, որ կարող են լինել փոխկապակցված անձինք՝ շեշտելով, որ պետք է ընթանա գործի բաց և թափանցիկ քննություն: Վահե Էնֆիաջյանը վստահեցրեց, որ այդ արարքին «Ծառուկյան» խմբակցության վերաբերմունքը լինելու է շատ կոշտ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նաև կարծիք հայտնեց, որ դատարանը կարող է որպես պատժատեսակ Մանվել Գրիգորյանին զրկել Ազգային հերոսի կոչումից: Նա պարզաբանեց, որ քրեական օրենսգրքով պետական պարգևներից զրկելը համարվում է լրացուցիչ պատժատեսակ, որը դատարանը կարող է կիրառել այն դեպքում, երբ անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն: «Քանի որ այս դեպքում տեղի ունեցած հանցագործությունը թեթև կամ միջին ծանրության չէ, հետևաբար դատարանը լիարժեք հնարավորություն կունենա կիրառել այդ պատժատեսակը»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Նա նաև ընդգծեց, որ իրենք կողջունեն, եթե այս միջոցառումն այսքանով չավարտվի: Նրա խոսքով՝ Հայաստանում չկա այնքան միամիտ մարդ, ով կարծում է, թե այս ամենի հետևում մեկ մարդ է կանգնած եղել: «Պետք է բացահայտվեն բոլոր մեղավորները, ովքեր այս տարիներին ապրել են բանակի հաշվին: Ավելի արգահատելի արարք չի կարող լինել: Եթե մարդը իր խնդիրները լուծում է բանակի հաշվին՝ անկախ իր անուն-ազգանունից, ավելի արգահատելի, ամոթալի, պարսավելի երևույթ հնարավոր չէ պատկերացնել»,- եզրափակեց Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում