Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան

Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը դատապարտում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքներով ի հայտ եկած երևույթները: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ամենախիստ կերպով դատապարտում են այս երևույթը՝ շեշտելով, որ օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում մենք ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են օգնություն ստանալը, այն ուղղորդելը և բաշխելը։ Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։ Շտապօգնության մեքենան ասեղ չէ, որ տանես, մի տեղ պահես: Իմացող ու թաքցնողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծեց նա։

Մարուքյանի կարծիքով` թեև Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, բայց խմբակցության անդամ է, հետևաբար` խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի և աջակցի իրավապահ մարմիններին, որպեսզի օրենքով սահմանված կարգով արդարադատություն իրականացվի։

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ենթադրում է, որ առաջիկայում խնդրի հետ կապված նոր բացահայտումներ կլինեն: «Ցավոք, սա առաջին ու վերջին դեպքը չէ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք էլի նմանատիպ դեպքերի բացահայտման ականատես կլինենք»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում