Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի. Գևորգ Կոստանյան

Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի. Գևորգ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին:

«Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին: Դրանով ցույց ենք տալիս, որ շահագրգիռ ենք մի հարցում՝ ցանկացած անձ, ով ոտնձգություն կկատարի մեր բանակի, զինվորի նկատմամբ, անկախ նրանից, թե ով է, պետք է խստագույնս պատժվի: Այն, ինչ ԱԱԾ-ն ներկայացրեց, բոլորի համար շոկ էր: Ցանկացած անձի կողմից նման բան թույլ տալը կարելի է բնութագրել դավաճանություն՝ անկախ նրանից, թե ում կողմից է կատարվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Գևորգ Կոստանյանը:

Նկատի ունենալով անմեղության կանխավարկածի անվերապահ կիրառությունը՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ կոնկրետ արարքին իրավական գնահատական տալ չի կարող: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին կողմ քվեարկելով՝ իրենք հնարավորություն են տալիս նախաքննության մարմնին իրականցնել քննություն և ի հայտ բերել բոլոր մեղավոր անձանց, պատասխանատվության ենթարկել:

Հարցին, թե այս գործում կարո՞ղ են, արդյոք, լինել ներգրավված պետական այլ պաշտոնյաներ, Գևորգ Կոստանյանն ասաց, որ չի կարող նման գնահատական տալ: «Կարծիքների, ենթադրությունների մակարադակով գնահատականներ չեմ կարող տալ»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում