Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի. Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանին

Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի. Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Armtimes.com: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը խայտառակություն է որակում պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկության արդյունքում Ազգային անվտանգության ծառայության բացահայտած փաստերը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը հիշեցրեց ամիսներ առաջ իր արած արտահայտությունը, որ զինվորի բաժինը գողացողին Աստված է պատժելու։ Նա արձանագրում է, որ տվյալ դեպքում Աստված նրան պատժեց խայտառակ անելով, իսկ հիմա էլ դատախազն է պատժելու։

«Մի քանի ամիս առաջ հիշում եք, որ ասացի՝ ով զինվորի բաժինը գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Աստված արդեն իրեն պատժել է, հիմա էլ դատախազն է պատժելու»,- ընդգծեց Սարոյանը:

Նա շեշտեց, որ տեղյակ չի եղել այդ ամենից, իր համար անակնկալ է եղել: «Հիմա էլ եմ ասում, թող բոլորը լսեն՝ ով բանակից գողություն է արել, տանեն հետ տան, իրենք միևնույն է՝ պատժվելու են։ Ես մտածում եմ, թե ինքը ոնց է իմ դեմքին նայելու, որովհետև այնպիսի երդումներ է կերել…»,- ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ զենք բոլոր երկրապահներն էլ կարող են ունենալ, բայց զինվորի բաժինը գողանալն անընդունելի է:

«Երեկվանից շոկի մեջ եմ։ Էն երեխեքի նամակները, որ տեսա, ես մեռած էի, թաղած չէի։ Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի։ Ի՞նչ չուներ ինքը, ի՞նչն էր պակաս»,- նշեց Սեյրան Սարոյանը։

Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանին ձերբակալելու օրը մտածում էր, որ նրան ապօրինի զենք պահելու համար են ձերբակալում: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե նախաքննության ընթացքում վերականգնելու է իր պատիվը՝ Սեյրան Սարոյանն ասաց.

«Ի՞նչ պատիվ: Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք: Հիմա թող իրան ճղի, ասի՝ էդ տուշոնկեն էս կամ էն ճանապարհով է մեր տուն եկել, էլ չի փրկի ոչ մի բան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում