ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու հիմքերը

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու հիմքերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը: Մինչ այդ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը գրությամբ իրեն տեղյակ է պահել այն մասին, որ հրաժարվում է մասնակցել միջնորդագրի քննարկմանը:

Արթուր Դավթյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռքբերելու և պահելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում: Քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից, ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով: Չնայած դրան՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են 26 նռնակ, 19 հակատանկային ականանետ, տրոիլային 12 պայթաղյուս, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ:

Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված 2 հազար 67 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի պահածո, 44 հատ բանջարեղենի պահածո, 33 հատ ձեթ, 9 պարկ և 60 տուփ մակարոն, 14 տուփ թեյ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:

Պահածոների, խտացրած կաթի տուփերի միջից և արկղերի վրա հայտնաբերվել են «Իմ քաջ զինվոր» վերտառությամբ աշակերտների գրառումներ:

«Նամակների բովանդակությունը վկայում է այն մասին, որ աշակերտներն իրենց զորակցությունն են հայտնում ապրիլյան պատերազմին սահմանին կանգնած զինվորին: Հարկ եմ համարում ընթերցել դրանցից մեկը: Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի աշակերտն է գրել՝ սիրելի զինվոր, ես հավատում եմ քո արիությանն ու տոկունությանը, ևս մի քանի տարի և ես կկանգնեմ քո տեղը և կշարունակեմ քո գործը: Ես հավատում եմ, որ դու ամուր կպահես մեր երկրի սահմանները, պատվով կկատարես հայրենիքիդ առջև պարտքը: Հավատում եմ քեզ ու աղոթում եմ մեր հայրենիքի ու քեզ համար»,-նշեց գլխավոր դատախազը:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է Արմեն Հակոբյանին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի», ինչը կատարվել է: Շուրջ երեսուն րոպե անց տվյալ անձը ներկայացել է խուզարկության վայր և հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն:

Դատախազը տեղեկացրեց, որ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է, ապահովվել են նրա բոլոր դատավարական իրավունքները:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով անհրաժեշտ սնունդ, ինչպես նաև զինվորական հանդերձանք է տրամադրել ԵԿՄ-ին՝ իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մանվել Գրիգորյանը հատկացված այս գույքը հափշտակել է, տեղափոխել այն իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և իր կնոջ Նազիկ Ամիրյանի, դստեր Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ելնելով վերոնշյալից՝ գլխավոր դատախազը միջնորդեց դրեց համաձայնություն տալ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում