Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում արված բացահայտումներն անակնկալ են եղել ՀՀԿ-ի համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում բացահայտումների մասին տեղեկացել են միայն Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութից հետո: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեզ տեղեկացրել է, որ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է զենք-զինամթերք պահելու համար: Այդ գործընթացը գնում էր, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը վիճարկվում էր դատարանում, և հանկարծ եղավ այդ ռեպորտաժը, որը մեզ համար անակնկալ էր»,- նշեց նա:
Վահրամ Բաղդասարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտելու նախաքննությանը: «Ես հայտարարեցի, որ եթե նախաքննության ընթացքում կպարզվի, որ կան նաև այլ պատասխանատուներ, բոլորը պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այլ հարցերով դիմեք իրավապահ մարմիններին»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում