Արթուր Դավթյանը նոր և նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ավելի բարձր հավանականություն է տեսնում

Արթուր Դավթյանը նոր և նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ավելի բարձր հավանականություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանում վերջին զարգացումների համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է համարում ինչպես նոր, այնպես էլ նախկինում արված և չբացահայտված որոշ հանցագործությունների բացահայտման հավանականությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դա պայմանավորեց նրանով, որ այդ հարցում զգում են հանրության ավելի լայն աջակցություն: «Վարույթ իրականացնող մարմինները իրենց գործառույթը միշտ իրականացրել են այնպես, ինչպես իրականացնում են այսօր: Այլ բան է, թե այդ վարույթի շրջանակներում որքանով է հաջողվել տեղեկատվություն ստանալ: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքացիները նախկին վարույթների շրջանակներում հարցաքննվել են և չեն համագործակցել, չեն տվել իրենց հայտնի տեղեկությունները կամ նյութերը, իսկ այսօր պատրաստակամ են հայտնել իրենց տեղեկություններն ու տրամադրել նյութերը»,- ասաց Դավթյանը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ քաղաքացիները սկսել են ավելի լայնորեն համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, Դավթյանը պատասխանեց. «Կարծում եմ, սրա բացատրության իրավական մեխանիզմը չկա, բայց բոլորիդ քաջ հայտնի է՝ հանրային մասնակցությունը, հանրային ակնկալիքները այս բացահայտումներից վերջին զարգացումներով պայմանավորված մեծացան, և հանրությունը գնահատեց, որ ինքն այդ գործընթացի մասնակիցը պետք է լինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում