Հետաքրքիր է` Ծառուկյանը ե՞րբ էր բարեգործության թեմայով ելել պայքարի, որ հիմա էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ. Գևորգ Պետրոսյան

Հետաքրքիր է` Ծառուկյանը ե՞րբ էր բարեգործության թեմայով ելել պայքարի, որ հիմա էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ. Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: «Բարեգործության մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե որոշ լրատվամիջոցներ թյուրիմացություն են հրապարակել, թե իբր դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդունեց պարտությունը և հանձնվեց:

«Հետաքրքիր է մի հարց՝ Ծառուկյանը ե՞րբ էր այս թեմայով ելել պայքարի, որ հիմա էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ»,-ասաց նա և նշեց, որ իրականում քանի որ նախագծի հիմքում ընկած կառավարության որոշման տեքստը տարընթերցման տեղիք էր տալիս, կարող էր ոչ համաչափ զսպաշապիկ դառնալ բարեգործների նկատմամբ:

Ըստ նրա՝ հետագայում կառավարության հետ եկան համաձայնության, քանի որ տեսնում են, որ ոչ միայն չի վնասում, այլ կարող է նաև օգտակար լինել: «Եթե համակարծիք ենք, ի՞նչ պարտության մասին է խոսքը»,-ասաց նա և հորդորեց, որ չփորձեն ավելորդ բորբոքել կրքեր:

«Որովհետև այդպիսին չի լինում, այնտեղ, որտեղ ունենք կարծիք, արտահայտում ենք, որտեղ չկա, չենք արտահայտում»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նաև նկատեց, թե իրականությանը չհամապատասխանող պնդում է նաև այն, որ իբր այս նախագիծն իրենց սպառնում է ապագա քարոզարշավի ընթացքում:

«Դա նույնպես իրականությանը չհամապատասխանող պնդում է: Մենք ժողովրդի հետ առերեսվելու խնդիր չունենք, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ժողովրդի հետ ամեն օր հաղորդակցության մեջ են, և որևէ նախագիծ չի կարող իրական բարեգործին հեռու պահել իր որդեգրած քաղաքականությունից, որևէ մեկը ավելորդ ինտրիգ թող ո՛չ փնտրի, ո՛չ էլ հարուցի»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում