ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 7 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք միշտ դեմ ենք եղել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը, մենք մեր դիրքորոշումը չենք փոխել: Այս նախագիծը որոշակիորեն մեղմում է 1974 թ. հետո ծնված երիտասարդների ֆինանսական բեռը, ովքեր համակարգի մասնակից են: Քննարկելով մեր գործընկերների հետ՝ մենք կողմ կքվեարկենք, պայմանով, որ կառավարության հետ կշարունակենք մեր քննարկումները կուտակային պարտադիր բաղադրիչը հանելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև այն բարելավում պարունակում է, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը: Այդ պարտադիր բաղադրիչը խաթարում է սերուդների համերաշխության սկզբունքը, խաթարում է անձի սեփականության իրավունքը: Մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին»,- ասաց Ռուստամյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց, որ իր ելույթում արդեն հայտնել է իրենց դիրքորոշումը: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ սա հրատապ քայլ է, որ պետք է կատարվի, բայց քննարկումները պետք է շարունակվեն: Այդ իսկ պատճառով, որ կա բարելավում, մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»,- ասաց Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում