Մենք մաքուր ենք աշխատում, մենք հո ազգի թշնամի չենք. 6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում

Մենք մաքուր ենք աշխատում, մենք հո ազգի թշնամի չենք. 6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այսօր «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ընկերություններում ստուգումներ են ացնկացրել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության տնօրեն Գուրգեն Զաքարյանը՝ հերքելով տեղեկությունները, թե ԱԱԾ-ն է մուտք գործել ընկերություն։

Նշենք, որ այս ընկերություններն են սպասարկում Հայաստանի ճանապարհներին տեղադրված տեսախցիկներն ու արագաչափ սարքերը։

Նա ասաց, թե ինքն այդ ժամանակ այնտեղ չի եղել և տեղյակ չէ՝ ինչու են ոստիկանությունից այցելել իրենց։
Մեր հարցին, թե որևէ խնդի՞ր կա ընկերության գործունեության մեջ, Զաքարյանը պատասխանեց. «Խնդիր չկա, խնդիր ուզում են տեսնել։ Թող նայեն, կերևա։ Մենք գիտենք, որ մաքուր ենք աշխատում, մենք հո թշնամի չենք ազգի»։

Գուրգեն Զաքարյանը դժվարացավ ասել, թե ինչն է նման ստուգումների առիթը եղել և միայն ենթադրեց. «Երևի հայտնի ֆիրմա է, ուզում են ստուգել»։

Հարցին, թե չի՞ մտահոգում իրեն, Զաքարյանը արձագանքեց. «Ինձ մտահոգում է, որ աշխատանքն է խոչընդոտվում։ Բայց ես, քանի որ մանրամասներ չգիտեմ, չեմ կարող ասել որևէ բան»։

Հետաքրքրվեցինք նաև՝ հնարավոր համարո՞ւմ է որևէ չարաշահում, խախտում, ընկերության տնօրենը արձագանքեց. «Չի կարող նման բան լինել։ Մենք 30 տարի է՝ շուկայում ենք, նման բան չի եղել»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում