«Բոլորը հոշոտում են Մանվելին՝ բացասական, բայց մեծ ու հզոր կերպարին». Վովա Վարդանով

«Բոլորը հոշոտում են Մանվելին՝ բացասական, բայց մեծ ու հզոր կերպարին». Վովա Վարդանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am:  «Մանվել Գրիգորյանն ինձ համար հաճելի կերպար չէ, եւ ի տարբերություն շատերի, ես նախկինում էլ եմ դա ասել»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվելի շուրջ օրերս ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումներին, ասաց նախկին հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

«Հոշոտում են մեծ ու հզոր կերպարի, որը բացասական է, բայց՝ հզոր: Թե ինչու նա հաճելի չէ ինձ, չեմ ուզում խոսել այդ մասին, որովհետեւ հիմա չեմ ուզում բոլորի հետ միասին հոշոտել նրան: Երբ մենակ էի պայքարում նրա դեմ, ինձ ոչ մեկը չմիացավ: Հիմա առանց ինձ յոլա գնացեք»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով «Երկրապահ կամավորականների միությանը»՝ Վովա Վարդանովը համոզմունք հայտնեց, որ այդ կառույցը «բուժելով»՝ հնարավոր է այն ծառայեցնել մեր երկրին՝ ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում. «Միշտ քննադատել եմ ԵԿՄ-ին, որ ճիշտ չեն աշխատել, բայց մոտեցումը, թե ԵԿՄ-ն չպետք է լինի, սխալ է»:

Ապա Վովա Վարդանովը ԱԱԾ-ին կոչ արեց մեր երկրում գտնվող լրտեսներով զբաղվել. «Լրտեսներով զբաղվող կառույց ստեղծեք, կոռուպցիոներների խնդիրն էլ թաղային ոստիկաններին հանձնարարեք: Լրտեսները վխտում են, իսկ ԱԱԾ-ն զբաղված է չաղացած-հարստացած լակոտներին բացահայտելով: Այնքան անելիք ունի ԱԱԾ-ն այդ գործում, այնքան փողի կարիք ունի…Թող ցույց տան, թե լրտեսներին բացահայտելու հարցում ինչ են արել, մինչդեռ ցույց են տալիս, թե ոնց են բռնել Մանվելին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում