ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման չի հանձնվի «Տաշիր-Կապիտալ»-ին

ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման չի հանձնվի «Տաշիր-Կապիտալ»-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ պայմանագրի խմբագրված տարբերակը հիմնադրի (ի դեմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության) և հավատարմագրային կառավարչի միջև չի ստորագրվել և այն ուժի մեջ չի մտել, քանի որ հիմնադիրն այլևս մտադիր չէ շարունակել աշխատանքները` ԲԷՑ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարչին կառավարման հանձնելու գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսելու և իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ սեփականության ներքո: «Մենք պետք է առաջիկայում շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Մենք կարող ենք որոշել, թե դա պետական կառավարմա՞ն է մնում, թե՞ հանձնվում է մասնավոր կառավարման: Պետք է բացառենք, որ որևէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել: Բաց, թափանցիկ մրցույթում պետք է այդ ամենն արվի: Երկու պայման կա, օֆշոր չի լինելու ու իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ չի լինելու դրա կառավարողը»:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը մնալու է որպես պետական հիմնարկություն:

Ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում որոշում էր կայացվել ԲԷՑ-երը «Տաշիր Գրուպին» հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, սակայն պայմանագիրը չստորագրվեց, քանի որ որոշ կետեր դեռևս չէին հստակեցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում