Որևէ խնդիր չունենք. Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բացահայտված չարաշահումներում պատասխանատվության բաժին չի ունենալու

Որևէ խնդիր չունենք. Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բացահայտված չարաշահումներում պատասխանատվության բաժին չի ունենալու

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Շատ հարգելի կարծիք է Սասուն Միքայելյանի կարծիքը, բայց մենք մեր առաջնահերթություններն ունենք, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ« բանակի հետ պետք է զգույշ լինենք»:

«Հենց հաշվի առնելով, որ առաջնագծում խնդիր ունենք` պետք է թիկունքը ճիշտ կազմակերպվի, թիկունքում խախտումներ, հանցագործություններ չլինեն: Մենք ուզում ենք նախարարը մաքրված անցնի գործի և չլինեն այն մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ խախտումներ: Մենք ոչ թե վնասելու, ինչ-որ մեկին բան ապացուցելու ենք գնում, այլ գնում ենք մեր ինֆորմացիայով և այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն բյուջե», – ասաց նա:

Հարցին, թե եթե ՊՆ-ում նախկինում կատարված չարաշահումներ բացահայտվեն, արդյոք այդ առումով պատասխանատվության իր բաժինը չի ունենալու ներկայիս նախարարը, որը նախկինում եղել է Պաշտպանության փոխնախարար Դավիթ Սանասարյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանի հետ որևէ խնդիր չունեն:

«Եթե այս փոփոխություններից հետո պետք է նայենք, որ այս նախարարը մեր ընկերն է, բարեկամն է, ապա ինչի՞ համար են այս փոփոխությունները, եթե իմ հեղափոխական ընկերների կառույցներում կլինեն թերացումներ, օրինախախտումներ, ապա իմ ընկերները ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան մյուսները», – նշեց Դ. Սանասարյանը:

Նա ընդգծեց, որ ապրիլյան պատերազմին Դավիթ Տոնոյանը անում էր արտաքին գործերի նախարարի գործը:

«Ես չգիտեմ այդ ժամանակ Դավիթ Տոնոյանի պատասխանատվությունը որ ոլորտն էր: Շատ թափանցիկ ենք աշխատելու, այնպես չի լինելու, որ գտնելու ենք մի բան, աչք փակենք ու չասենք, որ կարող է սահմանին խնդիրներ լինել: Տարիներ շարունակ ՀՀԿ-ն հանրությանը սխալ մեսիջներ է թողել, որ ձայն մի հանեք, որ սահմանում խնդիրներ կլինեն, ձայն պետք է հանենք, խնդիրները բարձրաձայնենք», – ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում