Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք ունենալու անհրաժեշտությամբ

Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք ունենալու անհրաժեշտությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Առաջնագծում առկա խնդիրները ստիպում են, որ թիկունքը ճիշտ կազմակերպվի, և խախտումներ, հանցագործություններ չլինեն:

ՀՀ պաշտպանության նախարարությունում ստուգումներ իրականացնելու իրենց որոշումն այսպես մեկնաբանեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Պաշտոնյան անդրադարձավ նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն դիտարկմանը, թե ՊՆ-ում ստուգումների հարցում պետք է զգույշ լինել հատկապես առաջնագծում հակառակորդի ուժերի կուտակումները հաշվի առնելով։ «Հարգելի է պարոն Միքայելյանի կարծիքը, բայց մենք ուզում ենք, որ նոր նախարարն ամբողջությամբ մաքրված համակարգում անցնի գործի, իրականացնի իր լիազորությունները և մտքում չլինեն այն մտահոգությունները, որ թիկունքում արվել են օրենքի լուրջ խախտումներ: Մենք ոչ թե գնում ենք վնասելու, ինչ-որ մեկին բան ապացուցելու, այլ ունենք տեղեկություններ չարաշահումների վերաբերյալ: Երկրի համար ՊՆ-ի կարևորությունը հաշվի առնելով էլ մենք ուզում ենք, որ այդ գերատեսչությունը մաքուր և ուժեղ լինի, և այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն պետությանն ու նախարարությանը»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Հարցին ի պատասխան, թե արդյոք ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը, ով նախկինում փոխնախարարի պաշտոնն է զբաղեցրել, մտահոգվելու առիթ չի՞ ունենա, պետական վերահսկողության ծառայության պետը նշեց, որ նախարարի հետ որևէ խնդիր չունեն, և ընդհանրապես, այս փոփոխություններից հետո չեն առաջնորդվելու ընկեր-բարեկամ սկզբունքով: «Գիտեք ինչ, եթե այս փոփոխություններից հետո մենք պետք է նայենք՝ այս նախարարը մեր ընկերն է, այն նախարարը մեր բարեկամն է, այդ դեպքում ինչո՞ւ եղան այս փոփոխությունները: Եթե իմ հեղափոխական ընկերների, որոնց հետ լուրջ ճանապարհ եմ անցել, կառույցում կլինեն օրինախախտումներ, բնականաբար, իմ ընկերներն ավելի մեծ պատասխանատվություն կունենան, քան մյուսները»,-հավելեց Դավիթ Սանասարյանը:

Լրագրողը հետաքրքրվեց՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով ներկայում ռազմական տեսուչի պաշտոնն է զբաղեցնում, կարո՞ղ է լինել ստուգումների թիրախում՝ հաշվի առնելով մամուլում բազմիցս եղած հրապարակումները նրա մասին, Սանասարյանը հույս հայտնեց, որ Զինված ուժերի համակարգում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Մովսես Հակոբյանը ևս կօգնի իրենց համակարգում «կոռուպցիոն կծիկները» բացահայտելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում