Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. առողջապահության նախարարություն

Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Առողջապահության նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդացման վիճակը՝ բացառելու հանրային առողջությանն առնչվող ռիսկերը: 

«Տեղեկացնենք, որ նախարարության մասնագետներն այգում տիրող իրավիճակին ծանոթանալու համար եղել են այնտեղ, ճշգրտել այս ընթացքում պատասխան պահանջող բոլոր հարցերը: Կազմակերպված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնաբուժական միջոցառումները լիարժեք ավարտին են հասցված, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա, ինչի մասին հավաստիացրել է նաեւ կենդանաբանական այգու ղեկավար կազմը»,- ասվում է հայտարարության մեջ:

Միաժամանակ նախարարության ուժերով տեղում կազմակերպվել են աշխատակիցների ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ, որոնք տվել են բացասական պատասխան, այն է՝ աշխատակիցների մոտ տուբերկուլոզով հիվանդության դեպքեր չկան: Հատուկ ուշադրության է առնվել այն աշխատակիցների առողջական վիճակը, ովքեր անմիջական շփում ունեն կենդանիների հետ:

«Ուստի այս պահին արդեն, հիմնվելով բոլոր հետազոտությունների վրա, նախարարությունը կարող է հայտարարել, որ այգի այցելություններն անվտանգ են, եւ այնտեղ գտնվելը որեւէ առողջական խնդիր չի ենթադրում»,- հայտնել են նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում