Սանասարյանը չարաշահումների դեպքում ստուգումներ կնախաձեռնի նաև իր «հեղափոխական ընկերների» գերատեսչություններում

Սանասարյանը չարաշահումների դեպքում ստուգումներ կնախաձեռնի նաև իր «հեղափոխական ընկերների» գերատեսչություններում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարում է՝ իրենց կառույցը որևէ կաշկանդվածություն չունի այս կամ այն պաշտոնյայի գործունեությունը մոնիթորինգի ենթարկելու առումով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց պաշտոնյան կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք իրավապահ մարմին չենք, մենք ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված բոլոր տվյալները ներկայացնելու ենք ՀՀ վարչապետին, հետո նա ընթացքի վերաբերյալ կտեղեկացնի կամ կասի շարունակեք իրավապահ մարմինների հետ աշխատանքը: Մենք և անձամբ ես որևէ կաշկանդվածություն չունենք թե ոլորտի, թե պաշտոնյաների առումով: Պետք է անել հնարավորինը, որ օր առաջ մաքրենք ողջ պետական համակարգը»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ պետական բոլոր գերատեսչություններն էլ լինելու են իրենց թիրախում ու անկախ նրանից՝ այս կամ այն նախարարը իր հեղափոխական ընկերներից է, թե ոչ, իրենց ծառայությունը կթակի նաև նրանց դուռը, եթե լինեն չարաշահումներ։ Նա նկատեց՝ կունենայինք ուրիշ երկիր, եթե տարիներ շարունակ պետական միջոցները չմսխվեին: «Մի աննախադեպ բան, որ սյուրռեալիզմի շարքից է՝ նախարարները իրենք են խնդրում, որ առաջնահերթ իրենց մոտ գնանք»,-եզրափակեց վերահսկողության ծառայության պետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում