Դատարանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի կալանքը փոխելու միջնորդությունը

Դատարանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի կալանքը փոխելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` `իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը խնդրեց դատավորին որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Պաշտպանը հավելեց նաև, որ իր պաշտպանյալը լուրջ առողջական խնդիրներ ունի: Մեղադրող կողմը չառարկեց ներկայացված միջնորդությանը:

Խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ բավարարում է ներկայացված միջնորդությունը և Գառնիկ Հովակիմյանի համար որպես խափանման միջոց ընտրում ստորագրությունը չհեռանալու մասին:

Ըստ մեղադրական եզրակացության` Գառնիկ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում