Պատճառված վնասից ավելի քան 44 միլիոն դրամը վերականգնվել է․ չարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում

Պատճառված վնասից ավելի քան 44 միլիոն դրամը վերականգնվել է․ չարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Պետական աջակցության ծրագրերով հանրապետության տարբեր մարզերի շահառուներին սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթներում քննվում է 51 քրեական գործ՝ 51 համայնքների վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մարզերի տարբեր համայնքներում պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում համայնքներին տրամադրվել է պարարտանյութ և սերմացու, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես՝ պարարտանյութը կամ սերմացուն չի հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել, իսկ որոշ դեպքերում էլ՝ հատկացված պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարաններին ներկայացնելով, թե գյուղացին ի վիճակի չի եղել կատարել վճարումները։

Արդյունքում՝ 2017թ. դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011- 2016թթ. պարտքերի ներման մասին» Կառավարության թիվ 1585-Ն որոշմամբ՝ համայնքի բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից:

Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր մարզային վարչություններում քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը ընդհանուր առմամբ կազմում է 95.813140 ՀՀ դրամ, որի զգալի մասը՝ 44.184.440 ՀՀ դրամը, նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում