Իրաքից Հայաստան եկած փախստական ընտանիքը նպատակ ունի մշտական բնակություն հաստատել իր հայրենիքում

Իրաքից Հայաստան եկած փախստական ընտանիքը նպատակ ունի մշտական բնակություն հաստատել իր հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու տարի առաջ Իրաքից Հայաստան տեղափոխված Մազին Նեսրոբ Մոսի ընտանիքը թեև շատ է երազում իր ծննդավայրի խաղաղությունը, սակայն նույնիսկ այդ պարագայում չի պատրաստվում թողնել հայրենիքը՝ Հայաստանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այստեղ մնալու պատճառների և իրենց զբաղմունքի մասին խոսեցին Հայաստանում մշտական բնակություն հաստատած փախստական ընտանիքի անդամները: «Ընտանիքիս հետ Հայաստան եմ եկել մոտ 2 տարի առաջ: Իրաքում իրավիճակը շատ լարված էր: Գալով այստեղ՝ հասկացանք, մեր երկիրը սա է, և մեր երեխաներն այստեղ պետք է մեծանան»,-ասում է ընտանիքի ղեկավարը՝ Մազին Նեսրոբ Մոսը: Մազին Հայաստան է եկել կնոջ՝ Անուշի և երկու դուստրերի՝ 7-ամյա Մայայի ու 4 տարեկան Բեռնայի հետ: Կինն ու ինքը հայերենին այնքան էլ լավ չեն տիրապետում, ինչի համար ներողություն են խնդրում, փոխարենը հպարտությամբ են նշում՝ աղջիկներն արդեն վարժ հայերեն խոսել գիտեն: Եվ խոսքը փոխանցում են ավագ դստերը: Մի քիչ ամաչկոտ, բայց սահուն հայերենով Մայան սկսում է. «Արդեն վերջացրել եմ առաջին դասարանս: Դպրոցում լավ եմ սովորում»,-ասում է նա ու նշում՝ Հայաստանում շատ լավ է: Մայան հիշում է, թե որտեղից է եկել: Նշում է՝ եթե ընտրելու հարկ լինի հաստատ Հայաստանում կմնա, քանի որ այստեղ ավելի շատ ընկերներ ունի, քան Իրաքում:

Այս ընտանիքն այժմ բնակվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում: Մազին մեքենաների շարժիչների վերանորոգմամբ է զբաղվում, կինը տնային տնտեսուհի է: «Ես ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան: Երեխաներն այստեղ են մանկապարտեզ և դպրոց հաճախում: Ուրախ եմ, որ աղջիկներս արդեն հայերեն են խոսում»,-ասում է Մազիի կինը՝ Անուշը:

Ընտանիքը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ուշադրության կենտրոնում է: Ստանում են տարբեր տեսակի աջակցություն: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը փոխհատուցում է տան վարձը: Ընտանիքը փորձում է նաև փոքրիկ բիզնեսով զբաղվել՝ հավ պահել: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն այս գործում աջակցելու հարցը ևս քննարկում է: Մազին նշում է՝ հիմա իրավիճակն Իրաքում շատ լարված է: Հարցին՝ եթե ամեն ինչ կարգավորվի, կվերադառնա՞, արդյոք, այնտեղ, պատասխանում է միանշանակ՝ լավ լինելու դեպքում էլ ետ չեն գնա: «Ինձ Հայաստանին կապում է իմ ժողովուրդը: Բոլորն այստեղ հայեր են»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում