Վալերի Օսիպյանն այս ամենն անում է իր հեղինակությունը բարձրացնելու համար, ուրիշ պատճառ չկա. «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր

Վալերի Օսիպյանն այս ամենն անում է իր հեղինակությունը բարձրացնելու համար, ուրիշ պատճառ չկա. «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը պնդում է, որ ընկերությունը մաքուր է աշխատում, իսկ ընկերությունում ոստիկանության խուզարկությունները ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ինքնագործունեության արդյունք են։

«Ոստիկանությունն ասում է, որ գումարը ստացել ենք պետությունից, բայց չենք ծախսել, չենք սպասարկել արագաչափերի, տեսախցիկների աշխատանքը և շորթել։ Բայց չէ՞ որ համակարգը աշխատել է։ Հիմնարկը ծախսե՞լ է գումար աշխատավարձի, սպասարկման, սարքերի վերանորոգումների ու այլ խնդիրների համար, իհարկե ծախսել է։ Ի՞նչ է նշանակում չարաշահում է թույլ տվել», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը։

Նրա խոսքով՝ իրենք 30 տարի աշխատում են համակարգում և աշխատում են «բացառապես մաքուր»։

«Բոլորը նորմալ աշխատում են, բոլորը՝ ինժեներ, արհեստավոր, ու հանկարծ դարձան հանցագործ։ Մենք օրինական աշխատել ու աշխատում ենք։ Կսպասենք, թող քննչականը տա գնահատականներ, հետո կանենք հայտարարություն։ Բա այդքան հե՞շտ է ընկերությանը վարկաբեկել», – նկատեց հիմնադիրը։

Հարցին, թե եթե իրենք մաքուր են աշխատում, ի՞նչ նպատակ է հետապնդում ոստիկանության հայտարարությունը, արդյոք ոստիկանությունն ինքնագործունեությամբ է զբաղված, Զաքարյանը պատասխանեց.

«Ես մոտավորապես հասկանում եմ՝ ինչ է կատարվում։ Սա կապում են Սաշիկի հետ, չնայած դա լրիվ անհիմն է։ Չկա ու չի կարա լինի նման բան։ Բացի այդ, այն օրը երբ վարչապետը գովեց ԱԱԾ ղեկավարին, ոստիկանապետը նեղվել է, որ չի աշխատել ու նման քայլեր է անում։ Էլի նման քայլեր կլինեն, էլի գործարարների կպատժեն, որ բոլորը թողնեն ստեղից գնան, վրաստաններում գործը դնեն»։

Մյուս հարցին, թե ոստիկանապետ Վալերի Օսիպյանը իր հեղինակությունը բարձրացնելու համա՞ր է այս ամենն անում, Զաքարյանը պատասխանեց. «Միայն։ Ուրիշ պատճառ չկա։ Հետո այս համակարգը շատերին դուր չի գալիս, կան մարդիկ, որոնք ուզում են խախտում անեն, չնկարվեն, չպատժվեն, շատերն ունեն ոստիկանի թուղթ, իրենք էլ են չէ՞ նկարվում։ Ոստիկանության այս գործողությունները բոլորի մոտ ուրախություն է առաջանում՝ տեսեք, պատժեցին, մինչդեռ այդ սարքերի նպատակը մարդու անվտանգությունն ապահովելն է»։

Անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի հետ կապին՝ Զաքարյանն ասաց, որ նրա հետ ընդհանրապես չի առնչվել ու հավելեց. «Դուք հիշում եք երևի, առաջին անգամ մեր ընկերության հետ Սաշիկի կապի մասին հայտարավեց՝ նշելով օդում պտտվող լուրերի համաձայն։ Հիմա մենք այն մարդիկ ենք, որ օդում շրջանառվող լուերին հի՞մք տանք։ Դա եղել է ընդդիմության համար նպատակ, որ Սերժ Սարգսյանին վարկաբեկեն, Սաշիկին վարկաբեկեն։

Որևէ հիմք նման պնդումների համար չկա։ Թող մի լուսանկար մի հեռախոսային խոսակցություն իմ ու Սաշիկի միջև հրապարակեն։ Ես նախկին նախագահի հետ շփվել եմ միայն գործարարների միությունով, անձամբ՝ ոչ մի անգամ։ Չունեմ ոչ մի հեռտախոսակապ. Չունեմ ոչ մի պատճառ կաշառք տալու։ Մենք շահել ենք մրցույթը, որովհետև էժան գին ենք առաջարկել ու շատերը նեղացել են։ Դե հիմա նեղացել են, թող ընգնեն ավտոյի տակ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում